ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես հանձնել սեփական ինքնասիրությունը և խաբել ժողովրդին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
Ադրբեջանը ոչ թե պաշտոնապես, այլ ոչ պաշտոնական աղբյուրներով է Հայաստանի իշխանություններին ծանուցել Գորիս-Կապան ճանապարհին մաքսային և անձնագրային հսկողություն իրականացնելու մտադրության մասին։ Երեկ այս լուրը հպարտությամբ է արտաբերել վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը։
 
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը պնդել է, թե ծանուցումը ստացվելուց հետո որոշում են կայացրել այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2 ատվոճանապարհ և այստեղով իրականացնել երթևեկությունը: Այս ավտոճանապարհի Տաթև-Աղվանի հատվածը, որը մի քանի տասնյակ տարի գործնականում անանցանելի է եղել՝ ասֆալտապատվել, շահագործման է հանձնվել նախորդ շաբաթ։
 
Թեև պատերազմից հետո Հայաստանի ու Ադրբեջանի միջև դելիմիտացիա առայժմ տեղի չի ունեցել, սակայն վարչապետն ընդգծել է, որ Ադրբեջանը մաքսակետ է տեղադրել ճանապարհի իր հատվածում և ոչ Հայաստանի տարածքում։ Այս հանգամանքը խիստ էական է Նիկոլ Փաշինյանի համար։ Վերջինս խնդիր ունի առնվազն իր զոմբիացած կողմնակիցներին համոզելու, թե ՀՀ ինքնիշխան տարածքից որևէ կտոր չի նվիրաբերել թշնամուն։
 
Ճանապարհի զավթումն ու ադրբեջանական մաքսակետերի տեղակայումը հումանիտար լուրջ խնդիրներ է հարուցել մի քանի համայնքների բնակիչների համար։ Նրանք զրկվել են պարենամթերք ստանալու հնարավորությունից, իսկ ուսուցիչները չեն կարողացել հասնել այդ գյուղեր՝ դպրոցում աշակերտներին դասավանդելու համար։
Միակ պաշտոնյան Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է, ով շարունակում է արձանագրել խնդիրները, իշխանության վարած ապաշնորհ քաղաքականության հետևանքները։
Մինչ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարում է, թե Սյունիքի մարզի որևէ համայնք շրջափակման մեջ չէ, Արման Թաթոյանը երեկ հստակ արձանագրեց, որ Սյունիքում առաջ են եկել մարդու, այդ թվում՝ համայնքների բնակիչների (երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցներ և այլն) իրավունքների կոպիտ ոտնահարումներ, և առհասարակ, հումանիտար լրջագույն խնդիրներ։ Մարդկանց համար առաջ է եկել խիստ անորոշ վիճակ:
 
Հայաստանի իշխանությունները, ըստ էության, հանձնում են նաև Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերը։ Նման պայմաններում այդ գյուղերը հաստատապես կհայաթափվեն, բնակիչները չեն կարողանալու պահպանել իրենց անվտանգությունն ու կենսական նվազագույն պայմանները։ Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է սինխրոն աշխատել Ադրբեջանի հետ՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։
 
Արմեն Նասիբյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular