ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը մաքսակետում կարող է բարձր վճար սահմանել կամ որոշ ապրանքատեսակների փոխադրումը Գորիս-Կապան ճանապարհով արգելել. Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գորիս-Կապան ավտոճանապարհին հայկական մաքսակետեր տեղադրելը որևէ արդյունք չի ունենա։ Դրանք ուղղակի անհեթեթ հայտարարություններ են, որ մարդկանց մոտ ընդվզում չառաջանա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

Ադրբեջանական մաքսակետն այս ճանապարհահատվածին, Նաիրի Սարգսյանի կարծիքով, երկու ազդեցություն կարող է թողնել։ Առաջինը կապված է այդ տարածքով Ադրբեջանի համար անցանկալի անձանց տեղաշարժվելու հետ։ Նաիրի Սարգսյանը մտահոգություն ունի, որ այն հայերը, որոնք ադրբեջանցիների վերաբերյալ հանրային կարծիք են հայտնում, այդ ճանապարհով անցնելիս կարող են լուրջ խնդիրներ ունենալ, ընդհուպ ձերբակալվել։

«Երկրորդ ազդեցությունը տնտեսական է։ Նման դեպքերում մաքսային հսկողության կարգն այնպիսին է, որ տարանցիկ բեռի անցում է տեղի ունենում, որի ժամանակ մաքսազերծում չի լինում։ Կարող են տարբեր վճարներ լինել, օրինակ` ճանապարհային վճար կարող է սահմանվել, որը հնարավոր է՝ բավական թանկ լինի։ Այսօր մենք փոխզսպումների որևէ մեխանիզմ չունենք, այսինքն՝ մեր վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական որևէ սահման չունենք, ինչի շնորհիվ կկարողանայինք կոմպրոմիսային տարբերակների հանգել»,-նշեց Նաիրի Սարգսյանը՝ հավելելով, որ Ադրբեջանն ինչ ցանկանա, այն էլ կարող է անել։

Ճանապարհային վճարները կարող են բավականին բարձր լինել, բացի այդ՝ կարող են ուղղակի արգելել այդ տարածքով այս կամ այն բեռի տեղափոխումը։ Օրինակ՝ Իրանից Հայաստան ցորենի ներմուծման դեպքում պարզապես կարող են արգելել այդ տարածքով բեռի փոխադրումը, ինչը բնականաբար վտանգավոր հետևանքներ կառաջացնի Հայաստանի համար։

Նաիրի Սարգսյանը նշում է, որ եթե այլընտրանքային ճանապարհները կառուցեն թունելներով, կամուրջներով և հարմարավետությամբ չզիջի այս ճանապարհին, ապա, գուցե, տնտեսական ռիսկերը մի փոքր զսպվեն, սակայն այս պահի դրությամբ նույնիսկ մեծ ցանկության դեպքում բեռնատարները չեն կարող անցնել այդ այլընտրանքային ճանապարհով։

«Այնտեղով անցնելու տարբերակ չկա։ Ճանապարհը շատ վատն է, ինքս եմ տեսել։ Նույնիսկ սովորական մարդատար մեքենայով անհրաժեշտ է մի քանի անգամ հետ ու առաջ անել, որ շրջադարձ կատարելու հնարավորություն լինի»,-ասաց Նաիրի Սարգսյանը։

Ըստ նրա՝ Ադրբեջանը ցանկացած պահի բեռների փոխադրման հետ կապված խոչընդոտ կարող է ստեղծել։ Հնարավոր է մի օր որոշում ընդունի, որ կոնկրետ ապրանքատեսակներ այդ ճանապարհով չեն կարող տեղափոխվել՝ մեկ ամիս կամ ավելի երկար ժամկետով. «Երկրում ցնցում կլինի։ Մարդիկ սովի կարող են մատնվել։

Ընդհուպ նման վտանգավոր հետևանքների կարող է հանգեցնել մաքսակետերի առկայությունը։ Բացի այդ՝ պատմությունը ցույց է տվել, որ ադրբեջանցիներն ամեն ինչի ընդունակ են։ Կարող են մաքսային զննության ընթացքում ինչ-որ արգելված գույք, դետալ տեղադրել բեռնատարի մեջ, իբր «հայտնաբերել» այն ու մարդու ձերբակալման որոշումն արդեն պատրաստ է։ Սա բոլորի հետ էլ կարող է պատահել»,-հավելեց Նաիրի Սարգսյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular