ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսությունը կանգնած է «թթվածնային քաղցի» առաջ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տնտեսական իրավիճակը մեր երկրում շարունակում է լարված մնալ։ Թվում էր, թե անցած տարվա տնտեսական անկման ֆոնին, այս տարի հնարավոր կլինի բարձր աճ ապահովել։ Սակայն դա էլ այս կառավարությանը չի հաջողվում։ Վերջին ամիսներին տնտեսական զարգացումների տեմպը վերստին սկսել է նվազել ինչի հետևանքով հայտնվել ենք տնտեսական զարգացումների համար ոչ նպաստավոր իրավիճակում։ Տարվա սկզբից Հայաստանը գտնվում է գնաճի ուժեղ ճնշման տակ։ Կենտրոնական բանկն էլ իր հերթին թանկացումների ալիքը մեղմելու համար որոշ քայլեր ձեռնարկեց։

Քանի որ գների կայունության ապահովումը Կենտրոնական բանկի տիրույթում է ԿԲ-ն գնաճը մեղմելու համար անցած տարվա վերջից պարբերաբար սկսեց թանկացնել փողը։ Փողի գինը 1 տարում ավելացել է 3 տոկոսային կետով։ Նախկին 4,25-ից վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասել է 7,25 տոկոսի։ Սա շատ մեծ քայլ է, որը Կենտրոնական բանկն արել է՝ գնաճը մեղմելու համար։ Սակայն անգամ այդպիսի կտրուկ տեղաշարժերից հետո գնաճը Հայաստանում չի թուլանում։ Դրա փոխարեն՝ փողի թանկացումն ի վնաս տնտեսության է։ Որքան բարձր է փողի գինը, այնքան պահանջարկը նվազում է։ Փողի թանկացումը կրճատում է ֆինանսական միջոցները կլանելու տնտեսության հնարավորությունները՝ հանգեցնելով տնտեսական գործընթացների դանդաղման։

Բայց դա արդեն ոչ թե Կենտրոնական բանկի, այլ կառավարության խնդիրն է։ Կենտրոնական բանկը չի կարող և՛ գների կայունություն ապահովել, և՛ տնտեսության զարգացում։ Տնտեսության զարգացումների համար պատասխանատուն կառավարությունն է։ Իսկ թե ինչքանո՞վ է կառավարությանը հաջողվում զարգացնել տնտեսությունը, տեսնում ենք։ Տնտեսական ակտիվության տեմպը սկսել է իջնել։ Դրան, անշուշտ, «նպաստել է» նաև փողի թանկացումը, ինչը բերել է տնտեսության մեջ մտնող ֆինանսական հոսքերի կրճատման։

Այն, որ այսօր տնտեսությունը հայտնվել է թթվածնային քաղցի մեջ ակնհայտ երևում է վարկային շուկայից։ Այսօր վարկային շուկան, կարելի է ասել, սառած վիճակում է։ Բանկերի վարկային ներարկումները պակասել են։ Մի կողմից՝ սպառողների ցածր եկամուտներն և վճարունակության անկումը, մյուս կողմից՝ տնտեսության անմխիթար վիճակն ու բանկային համակարգի «վախերը», հանգեցրել են տնտեսության մեջ մտնող վարկային կապիտալի կրճատման։ Դրանց ավելացել է նաև փողի թանկացումը։ Փողի թանկացումով Կենտրոնական բանկը զսպում է կապիտալի շրջանառությունը։ Բայց դա այն է, ինչ գների կայունության համար պատասխանատու կառույցը ուզում է՝ գնաճը մեղմելու ակնկալիքով։ Այս բոլոր գործոնները բերել են տնտեսության մեջ մտնող ֆինանսական հոսքերի կրճատման։ Դա առաջին հերթին վերաբերում է բանկային կապիտալին։

Տարվա առաջին 9 ամիսներին ունենք բանկերի վարկային պորտֆելի ծանրակշիռ նվազում։ Պաշտոնական տվյալներով, անկումը տարեսկզբից հասնում է 235 մլրդ դրամի։ Սա ծանր հարված է տնտեսությանը։ Որքան էլ համարենք, որ վարկերը թանկ ու դժվարամարս փողեր են, վերջին տարիներին դրանք են եղել տնտեսությանը թթվածին մատակարարող հիմնական աղբյուրը կամ ամենակարևորներից մեկը։ Ու հիմա ունենք այսպիսի պատկեր, ինչը նշանակում է, որ վարկային կապիտալը ևս սկսել է դուրս մնալ տնտեսությունից։ Վարկերի կրճատում ունենք ոչ միայն տարվա ընթացքում, այլև անցած տարվա նկատմամբ։ Անցած տարվա սեպտեմբերին բանկերի վարկային պորտֆելը 3 տրիլիոն 617 մլրդ դրամ էր, այս տարվա սեպտեմբերին եղել է 3 տրիլիոն 499 միլիարդ։ Մեկ տարվա ընթացքում վարկային պորտֆելը պակասել է 118 միլիարդով։ Ոչ միայն վերջին մի քանի տարիներին, այլև դրանից առաջ, գուցե ավելի դանդաղ, բայց վարկային շուկան գրեթե մշտապես ընդլայնվել է։ Հիմա հակառակն է։ Ունենք վարկային ներարկումների նվազում՝ ինչպես տարվա ընթացքում, այնպես էլ՝ նախորդ տարվա համեմատ։ Դա այն տնտեսական միջավայրի հետևանքն է, որում գտնվում է Հայաստանը։ Ֆինանսական հոսքերը կրճատվել են տնտեսության գրեթե բոլոր առանցքային հատվածներում՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, առևտուր, սպառում և այլն։ Առևտրի ոլորտում ևս վարկավորման աշխուժություն չկա։ Ինն ամսում 53 մլրդ դրամով պորտֆելի կրճատում ունենք։ Սպառողական վարկերի շուկայում անկումն արդեն վաղուց խրոնիկ բնույթ ունի։ Անցած տարվանից սկսած նվազումն այսօր էլ շարունակվում է։ Բանկերի սպառողական վարկերի պորտֆելը, որը մի ժամանակ դարձել էր շուկայի ամենաակտիվ ավելացող հատվածը, հիմա ամեն ամիս նվազում է։ Մեկ տարվա ընթացքում 960 մլրդ դրամից այն իջել է 833 միլիարդի կամ կրճատվել է 127 միլիարդով։ Ակնհայտ է, որ վարկային շուկայում ամենաշատը տուժել են արդյունաբերական ու սպառողական վարկերը. մեկը ցույց է տալիս տնտեսության՝ իրական, մյուսը՝ սպառողական հատվածի վիճակը։ Այս ամենին զուգահեռ էլ տնտեսության վրա մեծ ազդեցություն ունի արտաքին պարտքը։ Ներկայումս Հայաստանի պետական պարտքը շուրջ 8 մլրդ 953 մլն դոլար է։ Այս տարվա 8 ամսում պարտքն ավելացել է 985 մլն դոլարով։ Հաճախ չի լինում, որ պարտքը, նման կարճ ժամանակահատվածի կտրվածքով, այդքան մեծ թռիչք է արձանագրում։

Կառավարության պարտքերը սպասարկելու համար միայն հաջորդ տարի անհրաժեշտ կլինի ավելի քան 518 մլրդ դրամ։

«2022 թվականին կառավարության պարտքի մարման և սպասարկման համար կպահանջվի 518,2 մլրդ դրամ, որից 303,6 մլրդ դրամը կկազմեն պարտքի գծով մարումները, իսկ 214,6 մլրդ դրամը՝ տոկոսավճարները»,- արձանագրել է կառավարությունը՝ հաջորդ տարվա պետական բյուջեի ուղերձում: Այլ կերպ, 435-440 միլիոն դոլար գնալու է պարտքի տոկոսավճարների կատարմանը։ Եվս 600 միլիոն, նույնիսկ ավել, ուղղվելու է մարմանը։ Այսինքն՝ մայր գումարների վերադարձմանը։ Սա լուրջ ծանրություն է մեր երկրի համար։ Հատկապես որ, պետական պարտքի սպասարկման բեռը նստած է հիմնականում բյուջեի վրա։ Բայց դա, իհարկե, չի կարող անվերջ շարունակվել։ Գալու է մի պահ, որ մեզ այլևս պարտք տվող չի լինելու։ Այսօր արդեն պետական պարտքն ահռելի չափերի է հասել։ Սեպտեմբերին այն անցավ 9 մլրդ դոլարի սահմանագիծը։ Մինչև տարեվերջ էլ դեռ կշարունակի ավելանալ։ Ակնկալվում է, որ կհասնի 9,2 միլիարդի։ Ընդամենը 12,5-13 մլրդ դոլար ՀՆԱ ունեցող երկրի համար սա փոքր գումար չէ։ Որքան էլ այս պահին պարտքերը սպասարկելու հետ կապված խնդիրներ արտաքուստ չունենք, այնուհանդերձ դա նաև նոր պարտքեր վերցնելու և եղածները փակելու արդյունք է։ Մեր պարտքի ռիսկայնությունը վերջին 2 տարիներին, Նիկոլ Փաշինյանի կառավարության ջանքերով, էապես ավելացել է։ Ներգրավվել են մեծ ծավալի նոր պարտքեր։ Անցած տարի պարտքը համալրվեց 647 մլն դոլարով։ Աճը կազմեց գրեթե 9 տոկոս։ Այս տարվա 9 ամսում էլ ավելացել է 1 մլրդ 70 մլն դոլարով։ Աճն անցնում է 13 տոկոսից։ Գործ ունենք պարտքի ագրեսիվ աճի հետ։ Այն շատ ավելի բարձր է, քան տնտեսության մեջ ստեղծվող հավելյալ արդյունքը։ Մի բան, ինչը տանում է պարտքի բեռի վատացման։ Ոչ մի նշանակություն չունի, թե Հայաստանի պարտքունակության վերաբերյալ ինչ կասեն միջազգային կազմակերպությունները։

Ներդրումները քիչ են, իսկ տնտեսության զարգացման տեմպերն այնպիսին չեն, որ հնարավորություն տան ներքին ռեսուրսների հաշվին բավարարել երկրի ֆինանսական պահանջարկը։ Ստիպված գնում, նոր պարտքեր ենք վերցնում։ Սակայն դրանք էլ չենք կարողանում նորմալ օգտագործել։ Ինչի՞ նման է, երբ կառավարությունը եվրոբոնդեր է թողարկել, պարտքեր է վերցրել, այն էլ՝ թանկ պարտքեր, բերել գումարները դրել է ինչ-որ հաշվի վրա, ինչ է թե տոկոսային եկամուտներ է ստանում։ Այն դեպքում, երբ այդ գումարները կարող էր ներարկել տնտեսության մեջ, տնտեսական ծրագրեր իրականացնել ու շատ ավելի մեծ արդյունք ստանալ, քան այն չնչին տոկոսներն են, որոնք ստացվում են դրսից բերած պարտքերը՝ մեր Կենտրոնական բանկում ավանդ դնելու արդյունքում։ Պարտքն ավելացրել են, բայց փողը չեն կարողանում աշխատացնել կամ շատ վատ են աշխատացնում. ամենացածր արդյունավետությամբ, որը կարող էր լինել։ Պատճառն էլ այն է, որ մի կողմից՝ չկան ծրագրեր, մյուս կողմից՝ եղած ծրագրերն են դանդաղ տեղից շարժվում։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետի աթոռին հայտնվելուց հետո Հայաստանում ոչ միայն առկա խնդիրները լուծում չեն ստանում, այլ երկիրը հայտնվում է մի շարք նոր ու ավելի լուրջ խնդիրների առաջ։ Եթե նախկինում տնտեսությունը մանր քայլերով առաջ էր գնում, այսօր արդեն շատ լուրջ վտանգի առաջ է, անվտանգության որևէ երաշխիք այս իշխանությունները չեն կարողանում ապահովել, իսկ թանկացումները, առողջապահական և կրթական համակարգի խնդիրները բնակչությանը ստիպում են արտագաղթել։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular