ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանն անուղղակիորեն հաստատեց որ սահմանային խնդիրներ ունենք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ որոշակի լարված իրավիճակ էր ստեղծվել, ինչի մասին պաշտպանության նախարարությունը կցկտուր տեղեկություններ էր հաղորդում: Սակայն երեկ արդեն Անվտանգության խորհուրդը տարածեց հայտարարություն՝ տեղեկացնելով, որ հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք:

Ըստ նույն աղբյուրի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից:

«Լուրերը, թե ՀՀ ԶՈՒ վերադաս հրամանատարության կամ քաղաքական իշխանության կողմից դիմադրություն ցույց չտալու հրաման է արձակվել, իրականությանը չեն համապատասխանում: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհուրդը համապատասխան մարմիններին հանձնարարել է իրականացնել միջադեպի պատշաճ քննություն»,- նշվում է Անվտանգության խորհրդի տարածած հայտարարության մեջ:

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։

Հարցին, թե ինչպիսին է Հայաստանի սահմանային իրավիճակը քաղաքագետն ասաց․ «Ամբողջական գնահատական տալու համար տեղեկությունները սահմանափակ են, բայց մյուս կողմից երեկ կատարած նշանակմամբ Նիկոլ Փաշինյանն անուղղակիորեն հաստատեց այն տեղեկությունները, որ երեկ ադրբեջանական կողմը որոշակի առաջխաղացում է ունեցել, այսինքն՝ սահմանային խնդիրներ ունենք: Սա հաստատվեց Փաշինյանի շատ տարօրինակ կադրային որոշմամբ՝ իհարկե, Արշակ Կարապետյանը միայն փիարի մասին մտածող նախարար էր ու վաղուց պետք է պաշտոնանկ արված լիներ, խնդիրը դա չէ: Բայց շատ տարօրինակ է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվեց Սուրեն Պապիկյանը, որը բանակաշինության, ռազմական ոլորտից տասնյակ կիլոմետրերով հեռու անձնավորություն է»:

Հարցին, թե արդյոք այս նշանակմամբ հույս կա, որ սահմանային խնդիրները ու, առհասարակ, ոլորտում առկա խնդիրները կլուծվե՞ն Սուրեն Սուրենյանցն ասաց․ «Իհարկե ո՛չ: Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն ցուգցվանգի մեջ է և նույնիսկ անկանոն կադրային նշանակումներ է անում՝ փորձելով վերահսկելի պահել իրավիճակը: Ակնհայտ է, որ նրա քաղաքականության հետևանքով Հայաստանի սուբյեկտայնությունն այնպիսի մասշտաբային անկում է ապրել, որ, ըստ էության, Ադրբեջանը կա՛մ բանակցային սեղանի շուրջ ճնշում գործադրելով, կա՛մ ռազմական ճանապարհով կարողանում է լուծել այն նպատակները, որոնք հետապնդում է, որովհետև Սյունիքում արդեն մի քանի անցակետեր են տեղադրվել Ադրբեջանի կողմից»:

Մի կողմ թողնենք, որ որոշ տարածքներ վիճելի են համարվում, բայց եթե դեմարկացիա, դելիմիտացիա տեղի չեն ունեցել, շատ տարօրինակ է, որ հայկական կողմի թողտվությամբ Ադրբեջանը տեղադրում է մաքսակետեր, ու սա դեռ քիչ չէ՝ հայկական մի շարք գյուղեր՝ Ճակատեն, Բարձրավան, Շուռնուխ, Որոտան, ըստ էության, արտաքին աշխարհից կտրվում են ու հայտնվում անկլավի կարգավիճակում՝ դրանից բխող տխուր հետևանքներով:

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular