ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկ մարդու փոփոխությամբ ռազմական խնդիրները դժվար թե լուծվեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Պաշտպանության նախարարի պաշտոնում նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի նշանակումը միանշանակ չի ընդունվել և ավելին, որոշ զարմանք է առաջացրել սոցիալական ցանցերում: Պապիկյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կարկառուն դեմքերից է և համարվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջ ձեռքը:

Այս թեմայով զրուցել ենք ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովի հետ։

Անդրադառնալով նոր նշանակմանը` փորձագետը ասաց. «Քաղաքական ճգնաժամի լուծման հարցում մենք տեսանք, որ իշխանությունը ընտրություններից հետո արտաքին գերատեսչության ղեկավար նշանակեց անմիջապես թիմից: Նույնը տեսնում ենք պաշտպանական ոլորտում. ճգնաժամի լուծման համար իշխանությունը իրականացնում է թիմից նշանակումներ կատարելու քաղաքականությունը»։

Ինչ վերաբերում է պաշտպանական գերատեսչության նոր ղեկավարի առաջիկա անելիքներին, ըստ Հարությունովի դրանք շատ են, նախ՝ բանակի ուժեղացումը, որն ավելի վառ արտահայտվեց պատերազմից հետո, հետո՝ սահմանային լարվածության թուլացումը:

«Մեծ խնդիր է նաև համակարգում ենթակառուցվածքային խնդիրների լուծումը: Բայց ամենակարևոր հարցը հետագա ռազմավարությունն է, անհասկանալի է՝ մինչև հիմա ինչ խնդիր պետք է կատարեն զինված ուժերը նոր պայմաններում, քանի որ նախկին խնդիրների համակարգը՝ Արցախի պաշտպանությունը, փաստացի գոյություն չունի: Մարտահրավերների ծանր բլոկ է առաջացել, որը պետք է լուծել, բայց թե ինչքանո՛վ նոր նշանակումը կլուծի դրանք, անկեղծ աած, կասկածում եմ, որովհետև մեկ մարդու փոփոխությամբ դրանք դժվար լուծվեն»։

Նկատենք, որ նոյեմբերի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ որոշակի լարված իրավիճակ էր ստեղծվել, ինչի մասին պաշտպանության նախարարությունը կցկտուր տեղեկություններ էր հաղորդում: Սակայն այսօր արդեն Անվտանգության խորհուրդը տարածեց հայտարարություն՝ տեղեկացնելով, որ հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Ըստ նույն աղբյուրի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից:

«Լուրերը, թե ՀՀ ԶՈՒ վերադաս հրամանատարության կամ քաղաքական իշխանության կողմից դիմադրություն ցույց չտալու հրաման է արձակվել, իրականությանը չեն համապատասխանում: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհուրդը համապատասխան մարմիններին հանձնարարել է իրականացնել միջադեպի պատշաճ քննություն»,- նշվում է Անվտանգության խորհրդի տարածած հայտարարության մեջ:

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular