Ի՞նչ անել սննդային թունավորման ժամանակ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱմանորի շրջանում ինֆեկցիայի հարուցիչները շատ լավ են բազմանում, ուստի այս շրջանում շատանում են նաեւ սննդային թունավորման դեպքերը, որի պատճառներից մեկը նաեւ սննդի սխալ պահպանումն է:
Շոգից փչացող անորակ սնունդը պարունակում է էնտերոտոքսիններ՝ թույներ, որոնք էլ առաջացնում են թունավորում: Սննդային թունավորումների նշաններն են սրտխառնոցը, փսխումը, որովայնում ցավի զգացումը, ջերմության բարձրացումը, իջնում է զարկերակային ճնշումը, հնարավոր է ուշաթափություն, երբեմն՝ մկանների ջղաձգում:
Սննդամթերքում որքան շատ են հավաքված թույները, այնքան հիվանդի մոտ ավելի ուժեղ է սրտխառնոցը, փսխումն ու բարձր ջերմությունը, որոնք համարվում են օրգանիզմի պաշտպանիչ ազդակները: Վարակի աղբյուր կարող է դառնալ այն միսը, որը մորթի ժամանակ կեղտոտվել է՝ սանիտարահիգիենիկ պայմանները չպահելու հետեւանքով: Լինում է նաեւ, երբ սննդային թունավորում տեղի է ունենում լավորակ սննդամթերքից, եթե խախտվում են դրանց պահպանման նորմերը:
Սուր թունավորումները հիմնականում կարող են առաջացնել դեղորայքը, ալկոհոլային խմիչքները, սունկը: Ամռանը վտանգավոր են նաեւ կրեմով թխվածքները եւ թթվասերով ու մայոնեզով համեմված աղցանները: Այս շրջանում մասնագետները խորհուրդ են տալիս նաեւ զերծ մնալ արագ սննդի կետերի մատուցած սննդից, քանի որ այնտեղ շատ հաճախ չեն պահպանվում սննդի պատրաստման համար անհրաժեշտ բոլոր սանիտարահիգիենիկ պայմանները:
Թունավորումներից խուսափելու համար առաջնահերթ պահպանեք մթերքի հիգիենայի եւ պահպանման կանոնները՝ չմոռանալով լավ լվանալ նաեւ միրգն ու բանջարեղենը: Թունավորման կասկածներ ունենալու դեպքում անհրաժեշտ է պարզել թույնի բնույթը եւ օրգանիզմ ներթափանցելու ճանապարհը:
Կատարվում է ստամոքսի լվացում 2-5 տոկոսանոց սոդայի կամ թույլ կալիումի պերմանգանատի՝ մարգանցովկայի լուծույթով: Օգտագործվում է 2-3 լիտր հեղուկ: Լվացում կատարվում է նաեւ փսխման միջոցով՝ վերը նշված լուծույթից 3-4 բաժակ խմեցնելով հիվանդին: Հիվանդի աղիքները թունավորում առաջացնող սննդից արագ մաքրելու համար անհրաժեշտ է տալ կարբոլեն՝ ածուխ եւ լուծողական՝ 25 գրամ լուծողական աղը բացել կես բաժակ ջրում: Հիվանդին արգելվում է 1-2 օրվա ընթացքում ուտել որեւէ սնունդ:
Ստամոքսի լվացումից հետո թույլատրվում է հիվանդին խմեցնել թեյ կամ սուրճ: Եվ հիշե՛ք, չտարվեք ինքնաբուժմամբ՝ մոռանալով կանչել շտապօգնություն, քանի որ բուժօգնությունն ավելի շուտ կկազդուրի հիվանդին եւ հետագա բարդություններից զերծ կպահի:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ