ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք իշխանությունը թաքցնում է իրականությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ Սյունիքում սկսված լայնածավալ ռազմական գործողություններն օրվա ավարտին դադարեցին, այսօր, կարծես թե, հարաբերական անդորր է, բայց մինչ այժմ ՀՀ Պաշտպանության նախարարությունն ու իշխանական այլ թևերը չեն կարողանում զոհերի թվի վերաբերյալ հստակ տեղեկություն հաղորդել: Տեղեկությունները հակասական են և կասկածելի: Նախ՝ երեկ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակ» թերթը հայտնել էր, որ «իր տեղեկություններով՝ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, մոտավորապես՝ 10 զոհ, կորցրել ենք 2 մարտական դիրք: Ադրբեջանական կողմն էլ գերեվարել է 6 հայ զինծառայողի»:

Ավելի ուշ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը «Ազատության» եթերում հայտարարեց 15 զոհի մասին․ «Դեռևս չհաստատված տվյալներով՝ այս պահին, ցավոք, պետք է նշեմ, որ կա 15 զոհ և գերեվարված անձ… Այն թվերը, որն այս պահին մեզ հասանելի է, բնականաբար, հաստատված չեն, բայց, ցավոք, մենք ունենք զոհեր, վիրավորներ և գերեվարված անձինք»։

Դրանից առաջ ՀՀ ՊՆ-ն իր տարածած հաղորդագրության մեջ ևս նշում էր զոհերի մասին: «Ժամը 16։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին»,- ասված էր ՊՆ հաղորդագրության մեջ:

Էդուարդ Աղաջանյանի հայտարարությունից քիչ անց ՊՆ-ն ևս մեկ հաղորդագրություն տարածեց ժամը 18։30-ից կրակի դադարեցման վերաբերյալ: «Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Այս պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան։ Վիրավորների թիվը նույնպես ճշտվում է։ Եվս 12 զինծառայող գերեվարվել է»,- ասված էր ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Այս ամենին երեկ երեկոյան հաջորդեց Անվտանգության խորհրդի նիստը, որտեղ նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Այսօր՝ ժամը 13:00-ի շրջանում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ: Հայաստանի Զինված ուժերը հակառակորդին հակազդելու գործողություններ են գործադրել: Հակառակորդի կենդանի ուժին հասցվել է էական վնաս, ոչնչացվել է առնվազն 6 միավոր զրահատեխնիկա: Մեր կողմից կան զոհեր, որոնց վերաբերյալ կհայտնվեն ճշգրտված տեղեկություններ: Այս պահին խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել Հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր նահատակների հիշատակը»:

Այսօր առավոտյան արդեն Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն ավելի շատ հարցեր առաջացրեց, քանի որ զոհերի թիվը չէր համապատասխանում նախորդ թվերին: Իրականում ցանկալի կլինի, որ իրական զոհերի թիվը համընկնի այսօրվա հայտարարության մեջ եղած թվի հետ, սակայն, հաշվի առնելով կառավարության որդեգրած քաղաքականությունը, մտահոգվելու առիթ ունենք։

«Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ»,- տեղեկացրել էին ՊՆ-ից:

Ուշադրություն է պետք դարձնել այն հանգամանքին, որ այսօրվա հաղորդագրության մեջ չկա «ճշտված» բառը: Այսինքն՝ ՊՆ-ի համար առնվազն ստույգ է, որ հայկական կողմն ունի 1 զոհ: Այս հակասության վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել իշխանական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հետ, սակայն Էդուարդ Աղաջանյանը, մեր հեռախոսազանգն այդպես էլ անպատասխան թողեց։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular