«Սնունդը պետք է պահպանել սառնարանում՝ կիսապատրաստուկների տեսքով և ընդամենը 3 օր»
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԲոտուլիզմի հետևանքով թունավորման դեպքերը Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականին նվազել են։ Ըստ վիճակագրական տվյալների, 2016 թվականին արձանագրվել է 8 դեպք՝ 18 տուժածով և 2 մահվան ելքով։ 2015 թվականին եղել է 15 դեպք՝ 26 տուժածով, մահվան ելք չի գրանցվել։ Այս մասին հայտնեց Առողջապահության պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը։
«Նոր տարվա օրերին հորդորում ենք զերծ մնալ տան պայմաններում պատրաստված պահածոներից։ Սննդամթերքը գնելիս անպայման խանութներում ուշադրություն է պետք դարձնել պահպանման պայմաններին և պիտանելիության ժամկետներին»,- շեշտեց Բաբայանը։
Մասնագետը կոչ արեց հանրային սննդի կազմակերպություններին, որոնք այս օրերին պատրաստում են աղցաններ, պահպանել հիգիենայի կանոնները, մինչև օգտագործելը դրանց վրա չլցնել մայոնեզ կամ թթվասեր։ «Միայն մատուցելուց առաջ է կարելի համեմել աղցանները, քանի որ դրանք 6-7 ժամ մնում են սեղանին, ախտահարվում են տարբեր մանրէներով։ Հետագայում կարող են արձանագրվել սննդային թունավորումներ։ Պետք է պահպանել սառնարանում՝ կիսապատրաստուկների տեսքով և ընդամենը 3 օր»,- նշեց Առողջապահության պետական տեսչության հիգիենայի բաժնի պետը։
Բոլոր սննդատեսակները, թե տանը պատրաստված, թե հանրային սննդի կետերում, պետք է լինեն քիչ քանակությամբ։ Ինչպես նաև չպետք է խառնել տարբեր կերակրատեսակներ միմյանց հետ՝ հատկապես յուղոտ մսերը, ընդեղենը, քանի որ դրանք հետագայում կարող են հանգեցնել աղեստամոքսային խանգարումների։ «Անպայման պետք է ուշադիր լինեն կրեմային հրուշակեղեն պատրաստող ընկերությունները։ Նրանք պարտադիր պետք է ձուն, մրգերը և հատկապես հատապտուղները մանրակրկիտ լվանան»,- ասաց Մարգարիտա Բաբայանը։
Թունավորման դեպքում առաջին օգնությունը պետք է լինի ստամոքսի լվացումը։ Բոտուլիզմի թունավորման դեպքում այն հնարավոր է մի քանի օր հետո արտահայտվի։ Բոտուլիզմի թունավորման նշանները պետք չէ խառնել ուրիշ սննդամթերքի թունավորման հետ։ Առաջին հերթին երկտեսություն է առաջանում, որի ընթացքում տեսողությունը խանգարվում է, հաջորդ նշանը՝ ձայնի խռպոտության առաջացումն է և կլման ակտի բացակայությունը, որի ժամանակ մարդը չի կարողանում ջուր խմել։