ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն արդեն արիերգարդային մարտեր է վարում՝ ցանկանալով իրավիճակը դուրս բերել կառավարելի հուն և խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի նախագահի հետ. Տարասով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան շրջանում տեղի ունեցած ռազմական բախումներն ամենալուրջն էին, որոնք գրանցվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագրի կնքումից հետո: Այս մասին գրում է կովկասագետ Ստանիսլավ Տարասովը՝ փորձելով գտնել պատասխաններ այն հարցին, թե ինչ տեղի ունեցավ:

«Սկզբում վերջինի մասին: Բախումները տեղի են ունեցել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտուց բավականին հեռու, ինչը հակամարտող կողմերին հնարավորություն է տվել մեղադրել մեկմեկու «հարձակման» մեջ: Սյունիքի մարզի յուրահատկությունն այն է, որ հակամարտող կողմերն այնտեղ դիրքավորվել են միայն Արցախյան երկրորդ պատերազմից հետո: Մինչ այդ, մարզով անցնող սահմանը միայն պաշտոնական բնույթ էր կրում, քանի որ դրանից արևելք ընկած հատվածը կառավարվում էր Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության կողմից: Այժմ տեղի ունեցած բախումները, ըստ էության, մեկօրյա պատերազմ էր: Իրավիճակն անմիջականորեն պայմանավորված է սահմանազատման և սահմանագծման շուրջ Ադրբեջանի ստեղծած խնդրով՝ խաղաղության պայմանագրի բացակայությամբ: Իհարկե, սահմանազատման և սահմանագծված հարցերը յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության և երկկողմ հարաբերությունների հիմքն են»,- գրում է քաղաքագետը՝ նկատելով, որ հետխորհրդային տարածաշրջանում նման խնդիրները բավականին շատ են, ինչպես օրինակ՝ Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի միջև:   

Սակայն Բաքվի և Երևանի միջև խնդիրները, ինչպես նշում է Տարասովը, սովորական չեն, ինչը կապված է երկարամյա հակամարտության և Լեռնային Ղարաբաղի չորոշված կարգավիճակի հետ: «Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ալիևը կարծում է, որ հայկական անկլավի կարգավիճակի խնդիր այլևս գոյություն չունի, և Հայաստանին մնում է միայն ճանաչել Ադրբեջանի տարածային ամբողջականությունը խորհրդային սահմանների շրջանակում: Սակայն այդպես չի կարծում իր գործունեությունն ակտիվացրած ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն օրակարգից չի հանել ԼՂ կարգավիճակի հարցը: Ստեղծված իրավիճակում բաց մարտերն ու կրակոցները կանխատեսելի են: Հակամարտության՝ թեժ փուլի վերածվելուն խոչընդոտում է միայն ՌԴ-ն որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից մեկը, սակայն սահմանազատման և սահմանագծման գործընթացը դեռևս խնդրահարույց է: Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մի մաս և դժվար թե առաջիկա հեռանկարում համաձայնի այդ հեռանկարին՝ հաշվի առնելով օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ»,- վերլուծում է փորձագետը:  

Անդրադառնալով սահմանային միջադեպի քաղաքական ենթատեքստին և Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում ունեցած ելույթին. «Ինչու է բոլորին թվում, թե ողջ աշխարհը պետք է ապրի մեր խնդիրներով, գուցե մենք ինքներս արդեն պետք է զբաղվենք դրանցով», Տարասովը նշում է, որ ՀՀ վարչապետի խոսքերից կարելի է ենթադրել, որ Երևանը կարող է հրաժարվել արտաքին քաղաքականությունում որդեգրած «հայակենտրոնութան» ռոմանտիկ սկզբունքից:

Մասնագետը նշում է, որ փորձագիտական շրջանակներում նախկինում կոնսենսուս չի եղել այն հարցի շուրջ, թե  ինչպես է պետք ընկալել Հայաստանի նման արտաքին քաղաքական դիրքորոշումը՝ հաշվի առնելով երկրի շուրջ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականությունը:

«Այնուամենայնիվ տպավորություն էր ստեղծվում, որ Փաշինյանն իր թիմով սկսել է վերանայել հայ-ռուսական հարաբերությունները՝ մատնանշելով այսպես կոչված՝ պրագմատիկ մոտեցումը: Այդ ժամանակ արտաքին քաղաքականության մեջ սկսեցին դիտարկվել եվրոպամետ և ատլանտյան հատվածները: Բաքուն արագ որսացել է նոր հայկական միտումը և սկսել զարգացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ այնպես, որ կարողացավ ճիշտ պահին Ռուսաստանի ռեսուրսն իր օգտին օգտագործել: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա երկիրն Արևմուտքի կողմից ստացավ միայն բառացի արձագանքներ, ինչն էլ վառ կերպով արտահայտվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ»,- հավելում է մասնագետը:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հարցին, ապա այս ուղղությամբ ևս Երևանը վատնեց խնդիրը քաղաքական-դիվանագիտական միջոցներով և իր համար առավել շահեկան պայմաններով լուծելու բոլոր նախկին ռեսուրդներն ու հնարավորությունները»,- գրում է Տարասովը՝ հավելելով, որ Հայաստանում ցավագին ընդունեցին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը Մինսկի խմբի կազմում մշակվող բանակցությունների մասին, որով նախատեսվում էր սկզբնական շրջանում Ադրբեջանին վերադարձնել «7 շրջանից 5-ը», այնուհետև հանրաքվե անցկացնել ԼՂ կարգավիճակի հարցով:

«Այժմ Փաշինյանն արդեն արիերգարդային (նահանջող) մարտեր է վարում՝ ցանկանալով իրավիճակը դուրս բերել կառավարելի և կանխատեսելի հուն, ստորագրել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի նախագահի հետ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում: Սակայն նա կարծում է, որ պայմանները, որոնք Բաքուն է առաջ բերում, անընդունելի են: Մոսկվան շարունակում է հանդես գալ որպես «հրշեջ հաշվարկ»: Այդ իսկ պատճառով նոր պայմանավորվածություններ են անհրաժեշտ, քանի որ տարբեր պատճառներով նախորդների շղթան սկսում է քայքայվել և տարածաշրջանը կրկին կարող է հայտնվել հերթական պատերազմի վտանգի առաջ»,- եզրափակում է քաղաքագետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular