ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-ադրբեջանական լարվածության թուլացման միջոցը դելիմիտացիա ու դեմարկացիա սկսելն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ տեղի ունեցած գործադիրի նիստում վարչապետը հայտարարեց, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկություններով է հանդես եկել ու ընդգծեց, որ դրանք իրենց համար, ըստ էության, ընդունելի են:

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ։

Հարցին, թե Հայաստանի համար որքանո՞վ շահավետ կլինի նման գործընթացի մեկնարկը` քաղաքագետն ասաց․ «Չափազանց բարդ է ասել՝ շահավետ կլինի՞, թե՞ ոչ, որովհետև մենք չենք տիրապետում այդ առաջարկությունների մանրամասներին, այսինքն՝ ի՞նչ է ներկայացնում Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, ինչպիսի՞ն են եղել նախորդ առաջարկները, որոնց մասին խոսում էր Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտարարում է, որ Երևանի համար դրանք ընդունելի են, մեզ համար ելակետայինն այս հայտարարությունն է, իսկ մանրամասները հայտնի չեն, հետևաբար չենք կարող գնահատել ընդունելի լինել-չլինելու հանգամանքը։ Մի բան անկասկած է, որ հայ-ադրբեջանական լարվածության թուլացման միջոցը դելիմիտացիա ու դեմարկացիա սկսելն է, որը թույլ կտա կառավարել սահմանային իրավիճակը»։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք մեզ համար շահեկան կլինի այն, որ այս գործընթացի հիմքում ընկած են լինեն 20-ական թվականների քարտեզները, ինչպես մի քանի անգամ նշել են իշխանության տարբեր ներկայացուցիչներ, քաղաքագետն ասաց․ « Անձամբ ծանոթ չեմ այդ քարտեզներին, այսինքն քարտեզագետ մասնագետների կարծիքներն ենք լսել այդ առնչությամբ ու եթե ապավինենք դրանց, ապա Հայաստանի համար, այո՛, շահեկան է համարվում այդ 20-ականների քարտեզների հիմքով արվող դեմարկացիան։ Բայց պետք է դիտարկենք նաև, որ դրանք հիմքն են գործընթացի, բայց որքան ես եմ պատկերացնում, այդ գործընթացը ենթադրում է բավական բազմաշերտ իրավական ու քաղաքական բաղադրիչներով ընթացք, որի ժամանակ կողմերն ունենալու են և՛ համաձայնություններ, և՛ անհամաձայնություններ, այսինքն՝ միայն քարտեզների ելակետով իրավիճակը գնահատելն էլ, չեմ կարծում, որ կարող է մեզ ամբողջական ու ստույգ պատկերը տալ։ Հայաստանի համար այդ գործընթացում առանցքային հարցը միայն քարտեզներն ու տարածքային բաժանումը չէ, առանցքային է նաև այն, որ այդ գործընթացը որևէ կերպ չկապվի արցախյան հարցի ու, մասնավորապես, կարգավիճակի հարցի հետ, իսկ մենք գիտենք, որ Ադրբեջանն էլ հենց դրան է ձգտում։ Թե երկու կողմի այս հակասական տեսակետներն ինչպիսի լուծում կստանան՝ չեմ պատկերացնում։ Հակված եմ մտածելու, որ Ռուսաստանը փորձում է իրավիճակը բերել քաղաքական գործընթացի մի դաշտ, որը թույլ կտա ավելի կառավարելի դարձնել պատկերն ու գրեթե բացառել ռազմական բախումները, որոնք հետո անհրաժեշտություն են առաջացնում կարգավորել իրավիճակը, ու, մեծ հաշվով, այդ անկայունությունը բեռ է դառնում Ռուսաստանի վրա: Իսկ այդ երկիրն այսօր լրջագույն հարցեր ունի ուկրաինական ուղղությամբ և Արևմուտքի հետ լրջագույն քննարկումների մեջ է, և շահագրգռված է, որպեսզի Կովկասում իրավիճակն իր համար լինի կայուն, որովհետև ինքն է համարվում այդ կայունության թիվ մեկ պատասխանատուն»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular