ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն առանց Ռուսաստանի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպել։ Հանդիպումը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախանշված ԵՄ և Արևելյան գործընկերության գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ի իր էջում։ Նա նաև հայտնում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների մակարդակով` միջադեպերի կանխման նպատակով ուղիղ կապ հաստատելու վերաբերյալ։

Երկկողմ հանդիպման մասին տեղեկությունը հայտնի դարձավ երեկ երեկոյան։ Մինչ այդ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ կեսօրին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, թե Ղարաբաղի հարցի շուրջ եռակողմ հանդիպումը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի մասնակցությամբ, կայանալու է, սակայն դրա համար անհրաժեշտ է բոլոր կողմերի կոնսենսուսը։

«Հանդիպման համար կոնսենսուս է պետք, որպեսզի բոլոր մասնակից կողմերը համաձայնեն դրան։ Ես համոզված եմ, որ նման հանդիպում տեղի կունենա»,- ասել էր Լավրովը։

Ավելի վաղ եռակողմ հանդիպման անցկացման մասին հայտարարել էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա հայտնել էր, որ նախապատրաստվում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպում՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ, սակայն, հայտարարել էր, որ եռակողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածություն չկա։ Առաջիկա հանդիպման երկկողմ՝ առանց Ռուսաստանի անցկացնելու տեղեկությունը առնվազն տարօրինակ է, և բազում հարցեր է բարձրացնում։ Հատկապես, որ ԵԽ նախագահը հանդիպման մասին հայտնում է մեկ ամիս առաջ։ Ո՞րն է պատճառը, որ գոնե կողմերից մեկը հրաժարվում է ռուսական միջնորդությամբ հանդիպումից, սակայն Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնվում են հանդիպել ԵՄ հովանու ներքո։ Իհարկե, Արևմուտքը փորձում է պահպանել իր ազդեցությունը տարածաշրջանում, սակայն մինչ օրս նախաձեռնողականությունը մնում էր Ռուսաստանի ձեռքում։ Ըստ էության, քողարկված և ծպտյալ դիմակայություն է ընթանում նաև Արևմուտքի ու Ռուսաստանի միջև։ Հայաստանը, թերևս, ունի խուսանավելու, հնարավորինս սեփական շահերն առաջ մղելու հնարավորություն այդ խաղում։ Կօգտվի՞ արդյոք այդ հնարավորությունից, բարդ է ասել։ 

Արմեն Համբարձումյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular