ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կապ չունի, թե ինչ պայմաններում է մարդը հայտնվել գերության մեջ, նրան անպայման պետք է վերադարձնել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ժամանակն է, որ մենք գերեվարման յուրաքանչյուր դեպքը պատշաճ ձևով հետաքննենք, որովհետև կներեք, ՀՀ Զինված ուժերում ծառայության անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ: Եվ գուցե մենք այստեղ սխալ ենք վարվել էմոցիոնալ ֆոնի վրա. պետք է քննվի` ինչ է նշանակում գերի ընկնել, ինչ հանգամանքներում»:

Նա նաև պարզաբանել էր, որ Զինվորական կանոնագրքերը հստակ սահմանում են, թե որ դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն. «Յուրաքանչյուր դեպքում մենք պետք է քննենք՝ այդ դեպքի՞ հետ գործ ունենք, թե՞ այդ դեպքի հետ գործ չունենք։ Օրինակ, ակնհայտ է և ձևակերպված՝ եթե մարդը վիրավոր է, անգիտակից վիճակում է և գերեվարվում է, իհարկե, նրան ոչ մի պրետենզիա չի կարող լինել»:

Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։

Անդրադառնալով վարչապետի այս հայտարարությանը իրավապաշտպանն ասաց, որ նման ձևակերպումները իրավական տեսանկյունից անգրագիտության ծայրահեղ դրսևորում են, իսկ քաղաքական տեսանկյունից` արհամարհանք սեփական ժողովրդի նկատմամբ ու ստրկական ծառայություն թուրք-ադրբեջանական կողմին:

«Անկախ անձից՝ դա խորը անգրագիտություն է և միջազգային մարդասիրական նորմերի բացարձակ չիմացություն. կապ չունի, թե ինչ պայմաններում և ինչպես է մարդը հայտնվել գերության մեջ, նրան պետք է վերաբերվել և վերադարձնել բոլոր այն նորմերով, որոնք բերված են Միջազգային Հումանիտար իրավունքի Երրորդ կոնվենցիայի մեջ»,- ասաց Ալավերդյանը։

Ճշգրտմանը, թե Նիկոլ Փաշինյանը հղում է տվել Զինվորական կանոնագրքերին՝ Լարիսա Ալավերդյանն ասաց․ «Որևէ այլ գիրք կամ կանոնակարգ չի կարող վեր լինել միջազգային պարտավորություններից, որոնք ստանձնվել են թե՛ Հայաստանի , թե՛ Ադրբեջանի կողմից Միջազգային Մարդասիրական իրավունքի չորս կոնվենցիայով և նրանց օժանդակ արձանագրություններով»:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի վրա հերթական ոտնձգությանը հաջորդած արձագանքներին` իրավապաշտպանն ասաց․ «Թեև թուրք-ադրբեջանական տանդեմն անթաքույց և շարունակաբար իրականացնում է միջազգային քրեական նորմերի կոպիտ խախտումներ, սակայն դրանք չեն արժանանում պատշաճ և համարժեք գնահատականների՝ ինչպես Հայաստանի գործող իշխանությունների, այնպես էլ՝ միջպետական մարմինների, միջազգային հանրության կողմից: Սակայն կարող եմ ասել, որ միջազգային հանրության այս դիրքավորումն ունի իր պատճառները։ Այն, որ Հայաստանի կողմից չի հնչում համարժեք գնահատականը, դա ևս մի հիմք է, որով միջազգային հանրությունն ակտիվ չէ։ Եկեք հիշենք միջազգային պրակտիկայի մասին, ըստ որի՝ պետությունը, որը հայտնվում է տուժած կամ խոցելի վիճակում, նախ ճիշտ գործառույթներով, ճիշտ կոնվենցիաների, պայմանագրերի նորմերին և հոդվածներին հիմնվելով՝ բարձրաձայնում է խնդրի մասին, և հետո է միայն դրան հաջորդում է միջազգային հանրության արձագանքը»։

ՍՈՆԱ ԳԻՇՅԱՆ

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular