ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի բռնապետական հակումները․ իշխանությունը չի թաքցնում իր վախերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի վարչախումբն արագ քայլերով ընթանում է դեպի բռնապետություն, և այդ ճանապարհին չի խորշում անգամ սովորական քաղաքացիների նկատմամբ հրեշավոր քայլեր կատարելուց։ Երեկ հանրային լուրջ դժգոհություն առաջացրեց դպրոցական մի ուսուցչի դեմ հարուցված քրեական գործը։ Դատական տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Հակոբ Թելմանի Գրիգորյանը պատմության դասաժամին աշակերտների ներկայությամբ բռնության հրապարակային կոչեր է հնչեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա ընտանիքի անդամների նկատմամբ։ Թեև դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 21-ին, սակայն այդ մասին միայն այսօր է հայտնի դառնում։

Ընդդիմադիր մեկ այլ երիտասարդի էլ՝ արցախյան պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանին հրավիրել են Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին։ Մանուկյանը հայտնել է, թե իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել Նիկոլ Փաշինյանի հասցեին արված գրառման համար։ Ավելին, պարզվում է, իշխանությունները անխնա գաղտնալսում են բոլորին։ Մամուլն էլ գրել էր, թե օրեր առաջ Պաշտպանության նախարարությանն առընթեր մարմիններից մեկի ղեկավարն իր աշխատակազմին՝ 4 հոգու, հարցաքննության է ենթարկել, ամենաբարձր ատյաններից ստացած ցուցումով։ Նա իր աշխատակիցներից հաշիվ է պահանջել, թե ինչու են հենց աշխատանքի վայրում, աշխատանքի ժամին քննադատել պետության ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին, նրան «հողատու» և «կապիտուլյանտ» անվանել։ Տղամարդ աշխատակիցները մեղայական տեքստեր են ասել՝ խոստանալով այլևս չքննադատել Փաշինյանին, միայն կին աշխատակիցն է հակադարձել, թե՝ «լավ եմ արել, իմ սահմանադրական իրավունքն է, կարո՞ղ է Հայաստանն այլևս ժողովրդավարական երկիր չէ՝ չի կարելի տեսակետ հայտնել»:

Այս ամենը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն իրականում ահաբեկված են հանրային դժգոհությունից, միլիոնավոր դոլարներ են ծախսում ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց հետևելու, ահաբեկելու, իրենց իշխանությունը բացառապես բռնապետական մեթոդներով երկարաձգելու համար։ Փաշինյանի իշխանության հիմքը վաղուց միայն վախն է դարձել։ Եվ կա երկու ճանապարհ։ Կա՛մ Հայաստանի քաղաքացիները ահաբեկվում են փաշինյանական կեղտոտ մեթոդներից, կա՛մ էլ իրենք են ահաբեկում վարչախմբին և հեռացնում իշխանությունից։ Երկրորդ տարբերակն է միայն ՀՀ փրկության միջոցը։

Նորայր Բաբայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular