Սյունիքում կանայք պարսիկ վարորդներին սպասարկելու «առաջնության» համար մոխրամանով ու շշերով իրար են ծեծել
ԻՐԱՎՈՒՆՔՍյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ ավարտվել է Վարդուհի Ա.-ի գործի դատական քննությունը:
27-ամյա Վարդուհին մեղադրվում էր որպես զենք գործադրած առարկայի գործածմամբ կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով:
Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի նոյեմբերի 14-ին, ժամը 20-ի սահմաններում իր վարձակալած հյուրանոց հաճախորդների այցելությունները խոչընդոտած Անուշ Ս.-ից պարզաբանում ստանալու նպատակով Վարդուհին գնացել է նրա աշխատավայր՝ Սյունիք գյուղում Արաքսյա Խ.-ի կողմից վարձակալած ճաշարան:
Ճաշարանում գտնվող անձանց ներկայությամբ Վարդուհին կատարել է խուլիգանական գործողություններ, շուրջ տասնհինգ րոպե հայհոյանքներ է հնչեցրել Անուշի հասցեին, վերջինիս նկատմամբ բռնություն է գործադրել՝ քաշել է օձիքից, ճանկռել է պարանոցը՝ նրան պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող վնասվածք:
Անտեսելով խուլիգանությունը դադարեցնելու հորդորները՝ Վարդուհին շարունակել է իր գործողությունները: Անուշին վնասվածք պատճառելու ցանկությամբ սեղանից վերցրել, որպես «զենք» է գործածել մոխրամանը՝ այն նետելով Անուշի ուղղությամբ: Բայց մոխրամանը դիպել է ճաշարանի մեկ այլ աշխատողի՝ Կարինե Գ.-ի գլխին, ապա ընկել է գետնին ու ջարդվել:
Այս հարայհրոցին ներկաները կարողացել են Վարդուհուն դուրս բերել ճաշարանից, բայց նա չի հանգստացել, շարունակել է հայհոյել, ապա դրսում գտնվող սեղանի վրայից ապակե տարա է վերցրել, հարվածել ու ջարդել է ճաշարանի պատուհանի ապակին՝ ճաշարանը վարձակալած Արաքսյային պատճառելով գույքային վնաս:
Դատաքննության սկզբում Վարդուհին իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե դեպքի պահին ունեցել է վարձակալած հյուրանոց ու ավտոկանգառ:
2015 թվականի նոյեմբերի 13-ին իր վարձակալած հյուրանոցում գողություն է կատարվել: Ինքն այդ մասին հայտնել է Կարինե Գ.-ին, ով աշխատում էր Սյունիք գյուղում Արաքսյա Խ.-ի վարձակալած ճաշարանում:
Բանն այն է, որ ինչպես Վարդուհու վարձակալած հյուրանոցն ու ավտոկանգառը, այնպես էլ Արաքսյայի վարձակալած ճաշարանն ու ավտոկանգառը հիմնականում սպասարկել են պարսիկ վարորդներին:
Վարդուհին իր ցուցմունքում նշել է, թե Արաքսյայի ճաշարանում աշխատող Անուշը պարսիկ վարորդներին հորդորել է Վարդուհու հյուրանոց չգնալ՝ ասելով, թե այնտեղ գողություն է կատարվում:
Ըստ Վարդուհու՝ ինքը սկզբում հեռախոսազանգով է փորձել Անուշից ճշտել, թե ինչու է պարսիկ վարորդներին հորդորել՝ իր հյուրանոց չայցելել, բայց Անուշն իրեն հայհոյել ու անջատել է հեռախոսը:
Ինքն անմիջապես գնացել է Արաքսյայի ճաշարան: Այնտեղ էին Անուշը, Կարինեն, վերջինիս որդին ու պարսիկ 6 վարորդ: Ինքն Անուշից պահանջել է կրկնել հեռախոսով հնչեցրած հայհոյանքը, իսկ նա ասել է, թե ինչ արել է՝ լավ է արել:
Ինքը զայրացել, քաշել է Անուշի հագուստից, իսկ նա քաշել-պատռել է իր հագուստը: Անուշը ցանկացել է նույնիսկ մոխրամանով խփել իրեն, բայց պարսիկ վարորդներից մեկը չի թողել:
Ապա իր ու Անուշի միջև վիճաբանություն է սկսվել, իրենք տվել են փոխադարձ հայհոյանքներ: Ինքը վերցրել է մոխրամանն ու նետել է Անուշի ուղղությամբ, բայց մոխրամանը դիպել է պատին ու ջարդվել է, իր նետած մոխրամանը, իր կարծիքով, Կարինեին չի դիպել:
Կարինեն մոտեցել է իրեն, հանգստացրել է, իսկ Անուշը նորից է հայհոյել ու մտել է սենյակ:
Պարսիկ վարորդները կանգնել են իր դիմաց, որ ինքը Անուշին չհարվածի: Ինքը դուրս է եկել ճաշարանից, բայց քանի որ Անուշը նորից է հայհոյել, ինքը պատասխան հայհոյանքներ է տվել: Անուշը հայհոյել է իր մոր հասցեին: Ինքը ջղայնացել է, դրսի սեղանի վրայից ապակե տարա է վերցրել ու նետել է ճաշարանի պատուհանի ուղղությամբ, պատուհանի ապակին ջարդվել է:
Այդ ժամանակ ճաշարան է եկել Արաքսյան, իրեն հանգստացրել ու խնդրել է հեռանալ:
Իր ու Անուշի վեճի ժամանակ պարսիկ վարորդների մի մասը դուրս է եկել ճաշարանից: Ինքը գնացել է իր հյուրանոց, այնտեղ իմացել է, որ Կարինեին տեղափոխել են հիվանդանոց:
Հաջորդ օրը ինքը նորից գնացել է Արաքսյայի ճաշարան, տեսել է՝ Կարինեն առօրյա գործերով է զբաղված: Իր ու Անուշի միջև նորից վեճ է սկսվել, Անուշը զանգահարել է ոստիկանություն…
Դատաքննության ընթացքում Վարդուհին իրեն մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով:
Տուժող ճանաչված Անուշը հայտնել է, որ Վարդուհին, ճաշարան գալով, քաշքշել է իրեն, ինքն էլ նրան է քաշքշել, որ ազատվի նրա ձեռքից: Ներկա գտնվողները, հիմնականում՝ պարսիկ վարորդները միջամտել են, փորձել են կարգի հրավիրել Վարդուհուն: Նա մոխրաման է նետել իր ուղղությամբ, մոխրամանը դիպել է Կարինեի գլխին: Միջադեպի պատճառով ճաշարանի հաճախորդների մի մասը հեռացել է: Հաջորդ օրը Վարդուհին նորից ճաշարան է եկել, իրեն վիրավորել է, ինքը զանգել է ոստիկանություն:
Վարդուհու զայրույթի ու իրենց կռվի պատճառն այն է եղել, որ ինքը մի պարսիկ վարորդի ասել էր՝ Վարդուհու հյուրանոց չգնան, քանի որ հյուրանոցը չի գործում:
Տուժող Անուշը, ինչպես նաև գույքային վնաս կրած Արաքսյան Վարդուհուն պահանջ չեն ներկայացրել:
Դատարանը հաշվի է առել, որ Վարդուհի Ա.-ն ունի անչափահաս եղբայր, ում խնամքով ինքն է զբաղվում, մայրը չի աշխատում, տան միակ «աշխատուժը» Վարդուհին է…
Վարդուհի Ա.-ն մեղավոր է ճանաչվել որպես զենք գործադրած առարկայի գործածությամբ կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով:
Նա դատապարտվել է 4 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել է 2 տարի փորձաշրջան:
Ի լրումն ասվածին հավելենք, որ այս գործով տուժող Արաքսյան, ինչպես նաև գլխին մոխրամանի հարված ստացած Կարինեն նույն ընդհանուր իրավասության դատարանում քննվող մեկ այլ գործով ամբաստանյալներ են: Նրանք մեղադրվում են գույքային օգուտ ստանալով՝ երեք մարմնավաճառուհիների կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար:
Վարձակալված ճաշարան, ավտոկանգառ, հյուրանոց՝ այս ամենը հիմնականում պարսիկ վարորդների սպասարկման համար են, իսկ որպեսզի «սպասարկումը» լիարժեք լինի՝ չեն շրջանցվել նաև պարսիկների մարմնական ցանկությունները: Եվ նույն պարսիկ վարորդների ներկայությամբ, նրանց «սպասարկելու» առաջնությունը պահպանելու նկատառումներով նաև՝ հայ կանայք իրար շորեր են ճղել, մազեր են քաշել, մոխրաման ու շիշ են նետել իրար վրա և սեռական, տղամարդկային հայհոյանքներով էլ «համեմել են» խուլիգանական «ներկայացման» ամբողջ ընթացքը: Ճիշտ է, որոշ պարսիկ վարորդների զահլան գնացել է, նրանք պարզապես հեռացել են ճաշարանից…