Արթուր Ղազինյանին կրկին չընտրեցին․ փաշինյանական իշխանությունը սարսափած է հեռանկարներից
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱզգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովն այսօր արդեն 14-րդ անգամ մերժեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։
Հինգ ամիս շարունակ իշխող ուժը ձգձգում է հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունը, մեղադրում ընդդիմությանը՝ սկզբունքային դիրքորոշում ունենալու մեջ, առիթն օգտագործում հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու համար։
ԱԺ այս հանձնաժողովը, հիշեցնենք՝ ի պաշտոնե պետք է իրականացնի 44-օրյա պատերազմի հանգամանքների հետաքննությունը, սակայն հանձնաժողովի փոխնախագահի չընտրության հարցը հարմար պատրվակ է դարձել «Քաղաքացիական պայմանագրի» համար՝ հնարավորինս ձգելու հետաքննությունը, իսկ ձգձգումների համար մեղադրել ընդդիմությանը։ Ողջունելի է, իհարկե, «Հայաստան» դաշինքի դիրքորոշումը»։
Ի սկզբանե առաջադրելով Արթուր Ղազինյանի թեկնածությունը՝ ընդդիմադիր ուժը բնավ մտադիր չէ խաղալ փաշինյանական իշխանության կանոններով, ընկրկել, հանրությանը ցույց տալ իր թուլությունը։ Ընդդիմությունն անում է այն, ինչ պարտավոր է։
«Քաղաքացիական պայմանագիրը», նշենք, միայն այժմ է որոշել օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել, որի ընդունման դեպքում, եթե ընդդիմության թեկնածուն չի ընտրվում հանձնաժողովի փոխնախագահ, խմբակցությունը պետք է այլ պատգամավորի թեկնածություն ներկայացնի։ Իհարկե, երկրորդ կամ երրորդ փորձից հետո ՔՊ-ն կարող էր ներկայացնել և, հաշվի առնելով մանդատների քանակը, առանց դժվարության անցկացնել օրենքը, սակայն միտումնավոր ձգձգել է հարցի քննարկումը, նույնիսկ հիմա էլ դեռ չի ընդգրկել հարցը օրակարգում։ Սա ընդամենը վկայում է, որ Անդրանիկ Քոչարյանն ու իր ենթակաները շարունակելու են արատավոր պրակտիկան, խոչընդոտելու են ԱԺ ամենակարևոր հանձնաժողովի աշխատանքը, բղավոցներով և մանիպուլյացիաներով խափանելու են պատերազմի հանգամանքների հետաքննությունը։ Այս ամենը վկայում է՝ ՀՀ գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սարսափած են պատերազմի հանգամանքների հետաքննության հեռանկարից։
Հովհաննես Ավետիսյան