Թուրքիայի և Ադրբեջանի մոտեցումներով կոնֆլիկտը պետք է հանգուցալուծվի Հայաստանի լիակատար պարտությամբ ու կապիտուլյացիայով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵԱՀԿ արտգործնախարարների 28-րդ խորհրդի նիստի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հարավային Կովկասում հարատև խաղաղության հնարավորության պատուհան է բացվել: Գրեթե նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահական աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավարը՝ ասելով, որ Բաքուն դրական է գնահատում Սոչիի եռակողմ հանդիպումը ու պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել: Այս թեմայով զրուցել ենք թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ։
Հարցին, թե ինչ կարծիք ունի թուրքագետն ասել է․ «Երկու վերապահում պետք է անել. նախ՝ «խաղաղություն» եզրույթը և խաղաղության ընկալումները լիովին տարբեր են Եվրոպայում, աշխարհում ու Արևելքում: Երկրորդ վերապահումն այն է, որ այն, ինչը Թուրքիան ու Ադրբեջանը համարում կամ անվանում են հարատև խաղաղություն, այլոց ու Արցախի ինքնորոշված ժողովրդի իրավունքների ոտնահարում է, իրենց գործած ռազմական և այլ հանցագործությունների մոռացում ու, իրենց ձևակերպմամբ՝ այս պահի ստատուս քվոյի ամրագրման ձգտում, այսինքն՝ իրենց մոտեցումներով կոնֆլիկտը պետք է հանգուցալուծվի Հայաստանի լիակատար պարտությամբ ու կապիտուլյացիայով, իսկ նման խաղաղություն չի լինում, այն էլ՝ հարատև: Ուստի կարծում եմ, որ այդ ձևակերպումները նախ՝ տեղին չեն, և երկրորդ՝ դրանց տակ թաքնված են թուրքական հեռահար ու մոտալուտ պլանները՝ կապված տարածաշրջանում իրենց օկուպացիոն քաղաքականության հետ: Դժվար է հավատալ այն երկրների կողմից խաղաղություն հաստատելու խոստմանը, որոնք ցեղասպանության, մարդու իրավունքների ոտնահարման, բռնության ու նման այլ գործողությունների սանդղակներով աշխարհում առաջատար են, ուստի այդ հայտարարությունները բավական հեռու են ազնվությունից ու ճշմարտությունից»։
Սոնա Գիշյան