ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակը շատ կարևոր է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի լիազորությունները 2022 թվականի փետրվարի 23-ին կավարտվեն: Թաթոյանի թեկնածությունն առաջադրել էր այդ ժամանակ իշխող Հանրապետական մեծամասնությունը և նա ՄԻՊ պաշտոնում ընտրվել է 2016 թվականի փետրվարի 23-ին:

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի համաձայն՝ Պաշտպանի հերթական ընտրություններն անցկացվում են Պաշտպանի լիազորությունների ավարտին նախորդող 40 օրվա ընթացքում: Այսինքն՝ մինչև փետրվարի 23-ը Հայաստանը պետք է ունենա նոր ՄԻՊ: Այդ կապակցությամբ իշխող խմբակցությունը առաջադրել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը:

Ի դեպ, Արման Թաթոյանը ՄԻՊ պաշտոնում առաջադրվելու ժամանակ ևս արդարադատության փոխնախարար էր: ՄԻՊ նոր թեկնածուի և նրա անկախ լինելու հնարավորության մասին զրուցել ենք իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ։ Հարցին, թե իրավապաշտպանն ինչ կարծիք ունի արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանի թեկնածության մասին Նինա Կարապետյանցն ասաց․ «Քանի դեռ չի աշխատել, չեմ կարող գնահատական տալ: Բայց նախորդ աշխատանքային գործունեությունից կարող եմ եզրակացնել, որ տեսական առումով ունի շատ լավ բազա: Իմ անհանգստությունը վերաբերում է նրա պրակտիկ գործունեությանը՝ որքանով նա կարող է լինել անաչառ և բովանդակային գործունեություն իրականացնել»:

Անդրադառնալով այն քննարկումներին, որ նա իշխող ուժի ներկայացուցիչն է և ՄԻՊ ինստիտուտի անկախության առումով կասկածներին իրավապաշտպանն ասաց․ « Նա փաստորեն հիմա կառավարության կազմում է և զբաղեցնում է փոխնախարարի պաշտոնը: Իհարկե, դա անհանգստացնող է: Բայց ես մեղավորության կանխավարկածից չեմ ելնի և չեմ բացառի, որ նա գուցե այդ պաշտոնում իրեն անկախ դրսևորի: Սակայն պետք է նկատեմ, որ ոչ մի երաշխիք չի հուշում, որ դա հենց այդպես էլ պետք է լինի: Այլ, չեզոք դիրքորոշում ունեցող թեկնածություն ես չեմ էլ պատկերացնում, որ լինի այս իշխանությունների օրոք և բացառում եմ, որ կլիներ նման թեկնածություն: Այնպես որ, կարծում եմ՝ այլ թեկնածություն նրանց մոտ չի էլ քննարկվել: Մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակը շատ կարևոր է, և միջազգային կազմակերպությունների լայն ուշադրության կենտրոնում է լինում, հետևաբար իր կենսագրությունը, իր հետագա կարիերան չփչացնելու համար ուղղակի ստիպված է լինելու ինչ-որ չափով օմբուդսմենին համարժեք ու արժանապատիվ վարքագիծ դրսևորել: Այնպես որ, դա մեծ պատասխանատվություն ենթադրող գործառույթ է»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular