ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի շենքերի 80 տոկոսը բարձր խոցելի շենքեր են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1988թ․ դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքով զոհվեց ավելի քան 25․000 մարդ, ավերվեց հանրապետության բնակֆոնդի 17 տոկոսը։ Ու թեև Սպիտակի երկրաշարժից հետո հանրապետության ողջ տարածքում վերանայվեց սեյսմիկ վտանգի մակարդակը, խստացրին նորակառույց շենքերի սեյսմակայունությանն ուղղված պահանջները, այդուհանդերձ աղետից 33 տարի անց դարձյալ Հայաստանը պատրաստ չէ դիմագրավելու Սպիտակի երկրաշարժի ուժգնության երկրաշարժի։ 2021 թվականին արձանագրված երկրաշարժերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ տարածաշրջանում սեյսմիկ ակտիվություն կա:

Այս թեմայով զրուցել ենք Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետի տեղակալ Գուրգեն Նամալյանի հետ։

Անդրադառնալով տարածաշրջանում սեյսմիկ անվտանգության խնդիրներին մասնագետը ասաց, որ մեզ մոտ խնդիրները շատ են ու բազմաշերտ. «Այդ խնդիրները պայմանավորված են ոչ միայն այն հանգամանքով, որ շենքերը հիմնականում կառուցվել են խորհրդային տարիներին և այն ժամանակ գործող նորմերով, որը պահանջում էր շենքը կառուցել ընդամենը 7-8 բալ սեյսմակայունության հաշվարկով: Այսօր վերագնահատվել է տարածքը, և շենքերը պետք է կառուցվեն 9 և ավելի բալ ինտենսիվությամբ երկրաշարժին դիմակայելու համար: Եվ, հետևաբար, եթե կառուցվել են 7 բալին դիմակայելու համար, 9 բալին չեն դիմանա, իսկ այդ շենքերը կազմում են գոյություն ունեցող շենքերի 80 տոկոսը: Այսինքն, 80 տոկոսը բարձր խոցելի շենքեր են, ինչը նշանակում է, որ ողբերգական հետևանքներ կարող են լինել, եթե լինի այդ ուժեղ երկրաշարժը: Իսկ թե՝ կլինի՞ այդ երկրաշարժը. նորմերում ամրագրված է, որ, օրինակ, Երևան քաղաքում կարող է լինել 9 բալ և ավելի բարձր ուժգնությամբ երկրաշարժ, բայց թե ե՞րբ կլինի՝ ոչ ոք չի կարող ասել»:

Թեև նորակառույց շենքերը, ըստ Գուրգեն Նամալյանի, ունեն բավականին առավելություններ, սակայն այդ դեպքում ևս քիչ չեն նախագծման և կառուցման հարցերով մտահոգությունները:

«Նոր կառուցված շենքերի առավելություններից մեկն այն է, որ դրանք երկրաշարժին դիմակայելու տեսանկյունից արդեն հաշվարկվում են մոտ 2.5-3.5 անգամ ավելի բեռների տակ, քան նախկինում: Այսինքն, այդ շենքերը 2.5-3.5 անգամ առավել դիմակայուն պետք է լինեն, բայց մյուս տեսանկյունից հարց է ծագում՝ արդյո՞ք դրանք ճիշտ են նախագծվում և ճիշտ են կառուցվում: Հաշվի առնելով, որ մեր երկրում դեռևս առկա է բարձր կոռուպցիոն ռիսկ, հետևաբար կարելի է ենթադրել, որ այդ բնագավառում նույնպես կա այդ կոռուպցիոն ռիսկը։ Այս տեսակետից առաջանում են մի քանի մտահոգիչ հարցեր, արդյո՞ք նախագծերը մշակվում են նորմերի բոլոր պահանջներին համապատասխան, արդյո՞ք նախագիծն անցնում է ճիշտ փորձաքննություն, որը պետք է կանխեր ու վերացնել տար նախագծում առկա թերությունները, արդյո՞ք շինարարությունը ճիշտ է իրականացվում՝ եթե նախատեսված է 300 տեսականիշի բետոն, արդյո՞ք հենց 300 տեսականիշն է կիրառվում շինհրապարակում, թե՞ գուցե 200-ն է, որը 300-ից բավականին մատչելի է»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular