Հաագայի դատարանի տարօրինակ վճիռը․ եթե մենք պետություն ունենայինք
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՄԱԿ-ի Միջազգային դատարանը բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ Հայաստանի գրեթե բոլոր պահանջները և մերժեց Բաքվի դիմումների մեծ մասը՝ կողմերի ներկայացրած հայցերի շրջանակներում։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով ներկա է եղել Հաագայում դատական որոշումների հրապարակմանը։ Հայցի կազմմանը մասնակցած մեկ այլ հայտնի իրավաբան՝ Տարոն Սիմոնյանն էլ արձանագրում է, թե դատարանը բավարարել է Հայաստանի գրեթե բոլոր պահանջները և որոշել Ադրբեջանին պարտավորեցնել՝ ապահովել հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, անվտանգությունը, կանխել Ադրբեջանի պաշտոնյաների և հանրային մարմինների կողմից հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը, կանխել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմը և պղծումը, ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը:
Սիմոնյանի գնահատմամբ՝ ի տարբերություն Հայաստանի՝ Դատարանը ճանաչել է, որ Ադրբեջանի պաշտոնյաններն ու հանրային գործիչներն են հայատյացություն քարոզում, ինչը վերագրելի է հենց Ադրբեջան պետությանը։ Իրավաբանների թիմը լուրջ աշխատանք է կատարել՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանում նման վճիռ ունենալու հարցում։ Դատարանը, սակայն, փորձել է շատ չնեղացնել նաև Ադրբեջանին, մասնավորապես, չի պարտադրել անհապաղ վերադարձնել ռազմագերիներին, ընդամենը վճռել է ապահովել նրանց իրավունքների պաշտպանությունը։ Բնականաբար, միջազգային դատարանում հրաշալի գիտեն, որ գերության մեջ որևէ հայի իրավունք էլ չի պաշտպանվելու։ Ըստ էության, վճիռը, որքան էլ իրավաբանական ձևակերպումներով քողարկված լինի, քաղաքական է։ Եվ արտացոլում է միջազգային կառույցների վերաբերմունքը Հայաստանի և նրա ղեկավարության նկատմամբ։ Մինչ փորձառու և պատրաստված իրավաբանները կռիվ են տալիս միջազգային ասպարեզում, ՄԻՊ-ն ու այլ իրավապաշտպաններ տարբեր ասպարեզներում ներկայացնում են հայ բնակչության, ռազմագերիների դեմ կատարված հանցագործությունները, ՀՀ իշխանությունները մատը մատին չեն տալիս այդ ուղղությամբ։ Եվ մեր հանրությանը մնում է միայն ուրախանալ առանձին հաջողություններով, այլ ոչ համակարգված արտաքին քաղաքականությամբ։
Միհրան Գրիգորյան