ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է կեղծում Հայաստանի ԱԳՆ-ն․ լիովին տարբերվող պաշտոնական հայտարարություններ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հեռախոսազրույցի փաստին կարելի էր չանդրադառնալ, հերթապահ զրույց, հերթապահ հայտարարություններ։ Բայց ոչ, բանն այն է, որ Հայաստանի և ՌԴ ԱԳՆ-ների մամուլի ծառայությունները բոլորովին տարբեր բովանդակությամբ հաղորդագրություններ են տարածել։

«ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման նպատակով խաղաղ գործընթացի լիարժեք վերականգնումը։ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները և ուժի կիրառման սպառնալիքները լրջորեն վտանգում են տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը»,- նշել են ՀՀ ԱԳՆ-ից։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ խաղաղ գործընթացի վերականգնման, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների մասին տառ անգամ չկա ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Փոխարենը այսպիսի մի ձևակերպում է, որը բնականաբար բացակայում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունից։

«Ռուսական կողմից շեշտը դրվել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքների շուտափույթ մեկնարկման անհրաժեշտության՝ հետագա սահմանագծմամբ, նաև պրակտիկ հարթություն բերել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների համախագահությամբ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման աշխատանքային եռակողմ խմբի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունները»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում։

Տարբերությունը, թերևս, պարզ է յուրաքանչյուրի համար։ Իսկ թե ինչ շարժառիթներով է ՀՀ ԱԳՆ-ն կեղծում պաշտոնական հաղորդագրությունները, երբ իրականությունը բացահայտվում է հաշվված ժամերի ընթացքում, բարդ չէ կանխատեսել։

Հայկ Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular