Հաագայի դատարանը մերժվել է Ադրբեջանի հայցապահանջը ականապատ տարածքների քարտեզների տրամադրման վերաբերյալ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով հրատապ միջոցներ սահմանելու Հայաստանի դիմումի վերաբերյալ կայացրել է իր որոշումը։ Հաագայի դատարանը բավարարել է Հայաստանի գրեթե բոլոր պահանջները և մերժել Ադրբեջանի պահանջների մեծ մասը։
Այս թեմայով զրուցել ենք փաստաբան Տարոն Սիմոնյանի հետ։
Անդրադառնալով դատարանի որոշմանը` փաստաբանն ասաց․ «Հայաստանի պահանջների գրեթե մեծ մասը բավարարվել են: Տոկոսային հարաբերակցությամբ Հայաստանի պահանջների մոտ 90 տոկոսն է բավարարվել: Չնայած պարզ է, որ մեր հայրենակիցներից շատերն ավելի մեծ բան էին ակնկալում, բայց պետք է հասկանալ, որ մենք ինչ էինք պահանջել դատարանից, ինչ կարող էինք պահանջել և ինչ ստանալ, որովհետև այն կոնվենցիան, որի շրջանակում պրոցեսը սկսվել էր, ռասայական խտրականության բոլոր ձևերի դեմ կոնվենցիան էր։ Ադրբեջանը հայելային նույնատիպ պահանջներ էր ներկայացրել, ինչպես նաև պահանջել էր ականապատ տարածքների քարտեզները: Ադրբեջանի մասով դատարանը ընդամենը երկու հռչակագրային հայտարարություն էր ընդունել: Հայաստանի համար ավել պարտավորություններ չեն սահմանվել, մինչդեռ Ադրբեջանի համար դրանք սահմանվել են: Օրինակ, արգելվել է պաշտոնական մակարդակով ատելության քարոզի տարածումը: Միջանկյալ միջոցի մեջ արձանագրվել է, որ Ադրբեջանը պարտավորվում է դադարեցնել և կանխել նման գործողությունները: Սա ամենամեծ արձանագրումներից մեկն էր»։
Հիշեցնենք, որ գերիների վերադարձի մասով դատարանն արձանագրել է, որ այդ հարցի քննարկումն այս կոնվենցիայի տիրույթում չէ, սակայն պահանջել է ապահովել հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, անվտանգությունը: Նույն տրամաբանությամբ մերժվել է Ադրբեջանի հայցապահանջը ականապատ տարածքների քարտեզների տրամադրման վերաբերյալ:
Սոնա Գիշյան