Փաշինյանի խաղաղության դարաշրջանը ծանր է արժենում Հայաստանին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը լարված է, երեկ արևելյան ուղղությամբ այսօր կեսօրին ծավալված փոխհրաձգության հետևանքով, Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, հայկական կողմն ունի մեկ զոհ` ժամկետային զինծառայող, շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը։ Եվս ութ զինծառայող վիրավոր են: Վեց զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր, մյուս երկուսինը, համապատասխանաբար, միջին և թեթև։ Հատկապես Բրյուսելում կայանալիք հանդիպումից առաջ Ադրբեջանը զբաղվում է իր սովորական գործով, հետևողականորեն սադրանքներ է իրականացնում, Հայաստանին ներքաշում նորանոր կռիվների մեջ, փորձում դիրք առ դիրք առաջ գալ։
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի գործող իշխանությունների և պաշտպանական գերատեսչության աշխատանքը վաղուց այլևս հույս չի թողնում, որ իշխանությունները մտադիր են պաշտպանել մեր սահմաններն ու անվտանգությունը։ Արդյունքում կրկին սահմանամերձ գյուղերի բնակիչները, զինվորականները մենակ են մնացել թշնամու առջև , իրենց կյանքի գնով են պաշտպանում հայրենիքի սահմանները։ Իսկ ի՞նչ է անում իշխանությունը, հետևողականորեն առաջ է մղում ամեն գնով խաղաղություն կնքելու իր օտարածին օրակարգը, վարկաբեկում և անվանարկում ՀՀ զինված ուժերը, հարվածում զինվորականության հեղինակությանը։
Մեկ տարի շարունակ փաշինյանական քարոզչամեքենայի թիվ մեկ գործը եղել պարտության մեղքը մեկ նախկինների, մեկ՝ զինվորականների վրա բարդելը։ Փաստենք՝ զգալի հաջողություններ ունեն նրանք այդ ասպարեզում։ Կեղծ տեղեկատվական խայծերով, քարոզչական հնարքներով Նիկոլ Փաշինյանի քարոզչամեքենան նպատակամղված իր վրայից փորձում է հեռացնել մեղավորությունը։
Բանակի արդիականացման, վերազինման, մարտունակության բարձրացման, տնտեսական վերականգնման փոխարեն վարչախումբը միայն մի նպատակ է հետապնդում՝ պահպանել իր իշխանությունը։ Իսկ թշնամին շարունակում է զինվել և նոր վտանգ դառնալ Հայաստանի Հանրապետության համար։
Տիգրան Հակոբյան