ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վովա Գասպարյանը նախորդների հետ նույնպես խնդիր է ունեցել և որոշել են նրան զոհաբերել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որի համաձայն բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը 2000-2018 թթ ընթացքում զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները` իր կնոջը, դստերը կարևոր պաշտոնների է նշանակել, սակայն նրանք աշխատանքի չեն ներկայացել:

Այս թեմայի մասին զրուցել ենք իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ։

Հարցին թե ինչ կարծիք ունի այս հայտարարության մասին` իրավապաշտպանն ասաց. «Ես ունեմ մի շարք հարցեր նույն կառույցների, օրինակ դատախազության մասով: Այնպես չէ, որ այս խախտումները տեղի են ունեցել մեկ օրում, մեկ ամսում, արդյոք այս ողջ ընթացքում որևէ վերահսկող մարմնի չինովնիկի մեղադրանք է առաջադրվել այս բոլոր հանցագործությունները չնկատելու կապակցությամբ: Որովհետև մենք մի ամբողջ համակարգ ենք ստեղծել՝ վերահսկողություն իրականացնելու համար և այդ ամբողջ համակարգը ջանասիրաբար «չի տեսել» այդ հանցագործությունները:

Երկրորդ, արդյոք ճշտել են՝ դա ոչ պրոֆեսիոնալ լինելու արդյո՞ւնք է, թե միտումնավոր գործունեության:

Երրորդը, ճշտե՞լ են՝ էդ վերահսկողության պարտականություն ունեցող մարդիկ շարունակո՞ւմ են աշխատել, զբաղեցնել բարձր պաշտոններ, թե ոչ: Ես միշտ ասել եմ, որ գործընթացը կընթանա այնքան և կբացահայտվեն այնքան, ինչքան որ հանցավոր ռեժիմը պատրաստ կլինի ինչ-որ մարդկանց զոհաբերել: Տվյալ դեպքում զոհաբերվել է Վովա Գասպարյանը, որովհետև այն երեք տարին, որ ֆորա տրվեց, ժամանակ տրվեց ավելի խորը մասնակցություն կատարած հանցագործությունների հետքերն ավելի լավ կորցնելու համար, նման նվեր ոչ մեկը ոչ մեկին չի անում: Այդ հարցն էլ է ինձ հետաքրքրում՝ ի՞նչն է պատճառը, որ այդ ֆորան տրվեց: Եվս մի քանի հոգու ձևական, ֆորմալ կզոհաբերեն, քրեական գործեր կհարուցեն, մինչև անգամ չեմ բացառում, որ այդ քրեական գործերը դատական պրոցեսում կարող են ինչ-որ արդյունք գրանցել: Բայց վստահ չեմ, որ մեծ ծավալի, լուրջ հարցերով կլինեն բացահայտումներ ու պատժվածներ: Ինձ, օրինակ, Վովա Գասպարյանի կողմից իր ընտանիքի անդամներին պաշտոններում նշանակելուց ու աշխատավարձ տալուց ավելի շատ հետաքրքիր է «Հյուսիս-Հարավի» հետ կապված, երկաթուղու հետ կապված բացահայտումներ լինեն, օֆշորային գոտիներում փողերը լվացած բարձրաստիճան պաշտոնյաներով՝ հոգևորականներից մինչև երկրի վարչապետ, ներգրավված անձանց մասով բացահայտումներ ունե՞ն, թե չունեն: Իհարկե, լավ է, որ բացահայտել են նաև նման մանր-մունր գործերը, ընտանիքի անդամներին գործի տեղավորելը, բայց դա ինստիտուցիոնալ չի: Ես ուրախ կլինեմ, եթե սխալված լինեմ, պատրաստ կլինեմ ներողություն խնդրել, դա միայն ժամանակը ցույց կտա, բայց ես կարծում եմ, որ սխեման հենց այդպես էլ գործում է: Նախ, ժամանակ է տրվելու, որ նրանք ավելի խորը պարտակեն հանցագործությունները, և երկրորդ, մանր-մունր իրավիճակային լուծումներ են լինելու: Կարծում եք՝ կոնկրետ դեպքում թույլ օղակը Վովա Գասպարյա՞նն էր: Վովա Գասպարյանը ինչ-որ ժամանակ նախորդների հետ նույնպես խնդիր է ունեցել և որոշել են նրան զոհաբերել»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular