ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանին անկյուն են քշում իշխանությունների մեղքով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բրյուսելում դեկտեմբերի 15-ին նախանշված են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։ Թեև որոշ շրջանակներ մեծ հույսեր են կապում այդ հանդիպման հետ, սակայն մեծ հավանականությամբ, կամ այդ հանդիպումը չի կայանա, կամ էլ՝ չի ունենա այն արդյունքը, որ սպասում են արևմտյան կառույցները։ Բանն այն է, որ դեկտեմբերի 2-ին ձախողվել է արտգործնախարարների հանդիպումը, որը պետք է կայանար Ստոկհոլմում, ԵԱՀԿ ՄԽ նախարարական կոնֆերանսի շրջանակում։ Ադրբեջանական կողմը հրաժարվել է հանդիպումից։ Ընդ որում, Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել էր հայկական կողմին «սադրանքի» համար, որի պատճառով բանակցությունները տապալվել են։ Խոսքը ԼՂՀ գործընկերների հետ համատեղ լսումների նպատակով Հայաստանի խորհրդարանի պատգամավորների այցի մասին է, որն Ադրբեջանի իշխանությունը որակել է որպես «ապօրինի այց Ադրբեջանի Հանրապետության տարածք»։ Ապա դեկտեմբերի 6-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը Հայաստանին վերջնագիր է ներկայացրել՝ նշել «Զանգեզուրի միջանցքի» բացման ամսաթիվը, որի նկատմամբ Հայաստանն ինքնիշխան վերահսկողություն չի ունենա, և որը կկապի Ադրբեջանն ու դրա էքսկլավ Նախիջևանը։ Հայաստանի ԱԳՆ-ն պատասխան հայտարարությունում կոչ է արել Ադրբեջանին զերծ մնալ «սադրիչ հայտարարություններից» և նշել, որ Բաքվի պահանջը հակասում է բոլոր եռակողմ պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել 2020 թ-ի նոյեմբերի 9-ից՝ Արցախում հրադադար հաստատելուց ի վեր։

Հայաստանից որևէ պատվիրակություն չմեկնեց Արցախ, որտեղ դեկտեմբերի 10-ին նշում էին Անկախության հանրաքվեի և սահմանադրության օրը։ Փաշինյանական իշխանությունները չէի՞ն ցանկանում զայրացնել ալիևյան վարչախմբին, թե՞ խուսափում էին նայել արցախցիների աչքերի մեջ, հայտնի չէ։ Որևէ մեկնաբանություն ՀՀ գործող իշխանությունները չեն արել։ Փոխարենը, Ադրբեջանն է սաստկացնում ճնշումները Հայաստանի վրա, մի կողմից սադրանքներ է անում սահմանին, մյուս կողմից Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարում է, թե սահմաններին լարվածությունից խուսափելու միակ միջոցը սահմանազատման գործընթաց սկսելն է։ Բայրամովի պնդմամբ՝ Հայաստանը մինչ օրս դա թույլ չի տալիս տարբեր պատրվակներով։

«Հայաստանը պետք է հասկանա, որ նման սադրանքների դիմելով ոչնչի չի հասնի։ Դա շատ լուրջ հետևանքներ կունենա։ Մենք համարում ենք, որ Հայաստանը պետք է հրաժարվի նման գործողություններից», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Ադրբեջանը նաև գործուն քայլեր է ձեռնարկում հակամարտության կարգավորման գործընթացը այլ հարթակներ տեղափոխելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը չեզոքացնելու ուղղությամբ։ Դրան էր միտած նաև նախօրեին Մոսկվայում կայացած «3+2» ձևաչափի հանդիպումը։ Մի ձևաչափ, որտեղ առաջատար դիրքեր են զբաղեցնում Ռուսաստանը և Ադրբեջանի դաշնակից Թուրքիան։ Ըստ այդմ, Հայաստանին անկյուն են նետել, որևէ մեկը հաշվի չի նստում փաշինյանական իշխանության հետ, իսկ վերջինս էլ հնարավորություն չունի խուսանավելու։ Այս իրավիճակում, Հայաստանն ու Արցախը կանգնած են նոր մարտահրավերների առջև, որոնց լուծումը չի երևում։

Սարգիս Բալայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular