Փաշինյանական Հայաստանում հանցագործությունների թիվը գնալով ավելանալու է
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՄինչ Հայաստանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ արագ քայլերով վերածվում է ոստիկանապետության, հանցագործությունների թիվը գնալով ավելանում է։ Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 23834 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, այս տարի 1826 դեպք ավել է գրանցվել։ Հատկապես աճը զգալի է ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքում, գրեթե 1300 դեպքով։ Հանցագործությունների թվային աճի վրա շոշափելի է տնտեսական վիճակի վատթարացումը, ինչպես նաև անպատժելիության մթնոլորտը, որ ձևավորվել է գործող իշխանությունների անողնաշարության պատճառով։ Գների աճը, աշխատատեղերի նվազումը, տնտեսական ենթակառուցվածքների ոչնչացումը շատերին է ստիպում հանցագործություններ կատարել՝ գոյատևելու, ապրուստի միջոցներ հայթայթելու համար։ Իսկ ոստիկանությունը պարզապես ռեսուրսներ չունի դրանք կանխելու համար։
Իրավապահները ամիսներ շարունակ զբաղված են բոլորովին այլ «աշխատանքով»՝ հետապնդում են վարչախմբի հակառակորդներին, բերման են ենթարկում ընդդիմախոսներին, միջամտում են խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններին, իսկ հանցագործությունների դեմ պայքարի համար ո՛չ ժամանակ ունեն, ո՛չ բավարար թվով աշխատակիցներ։ Սա էլ հնարավորություն է տալիս հանցագործներին՝ իրենց անպատիժ զգալ։ Եվ փաշինյանական իշխանություններին առաջին հերթին հարկավոր է հետապնդել ու պատժել ընդդիմադիր գործիչներին, այլ ոչ գողություններ ու կողոպուտներ կատարողներին։ Ըստ էության, առաջիկայում գրանցված և չգրանցված հանցագործությունների աճի ականատեսն ենք դառնալու։ Օրենքի գերակայությունից բարբաջող վարչախումբը թքած ունի օրենքի և իրավունքի վրա։
Նորայր Կարապետյան