Տավուշում 50-ամյա տղամարդը պարկը քաշել է 62-ամյա կնոջ գլխին, քարշ տալով տարել ննջասենյակ ու բռնաբարել
ԻՐԱՎՈՒՆՔՏավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Մարդանյանի նախագահությամբ ավարտվել է Արամ Ս.-ի գործի դատական քննությունը:
50-ամյա Արամին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2016 թվականի ապրիլի 15-ին, ժամը 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի մուտք է գործել Տավուշի մարզի գյուղերից մեկի 62-ամյա բնակչուհի Արուսյակ Մ.-ի (անունը փոխված է) առանձնատուն, բռնություն է գործադրելԱրուսյակի նկատմամբ ու նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել հետը:
Արամ Ս.-ն մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին և 147 հոդվածի 1-ին մասերով:
Ըստ դատական ակտի՝ 2016 թվականի ապրիլի 15-ին, ժամը 22 –ից 23-ի սահմաններում Արամ Ս.-ն ապօրինի մուտք է գործել Արուսյակ Մ.-ի առանձնատուն, բարձրացել է երկրորդ հարկ: Նա ալյուրի դատարկ պարկը քաշել է Արուսյակի գլխին, պարկի վրայից բռնել է նրա բերանը, որ չգոռա, բռնության գործադրմամբ նրան տարել է ննջասենյակ: Այնտեղ մի քանի անգամ ապտակել է 62-ամյա կնոջը, պահանջել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ:
Կինը մերժել է:
Արամը նրան հրել, գցել է մահճակալին, հանել է նրա զուգագուլպան, ներքնաշորը, նրա կամքին հակառակ «շուրջ տասը րոպե սեռական հարաբերություն է ունեցել հետը»:
Այնուհետև լսելով ոտնաձայներ՝ Արամը դադարեցրել է իր գործողությունները ու թաքնվել է նույն սենյակում գտնվող մանկական մահճակալի հետևում:
Տուժող Արուսյակի դուստրը մտել է ննջասենյակ, տեսել է Արամին ու հարցրել է՝ ո՞վ ես, ի՞նչ ես անում էստեղ: Արամը ոչինչ չպատասխանելով՝ անմիջապես հեռացել է:
Ամբաստանյալ Արամ Ս.-ն ամուսնացած է, խնամքին մեկ անձ ունի: Նա առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, հայտնել է, որ տուժող Արուսյակի հետ թշնամություն, բարեկամություն չունի: Իրենք հարևան գյուղերում են ապրում:
2016 թվականի ապրիլի 15-ին ինքն իրենց բակում նորոգել է ծանոթ Աշոտի մեքենան: Ժամը 20-ի սահմաններում Աշոտին իր մեքենայով տարել է նրանց գյուղ ու անմիջապես վերադարձել է տուն:
Աշոտը նույնիսկ իրեն տուն է հրավիրել, ասել է, թե դստեր ծննդյան օրն է, բայց ինքը հրաժարվել է ներս մտնել, քանի որ շուտ պիտի տուն հասներ, որպեսզի եղբայրը մեքենայով սարամասում գտնվող ծնողների համար սնունդ ու այլ ապրանքներ տաներ:
Ամբաստանյալը նշել է, թե ինքը վերջին շրջանում բեղեր չի ունեցել: Երբ զինվորական ծառայությունն ավարտել է, մի քանի տարի բեղ է պահել, բայց հետո միշտ սափրված է եղել:
Ամբաստանյալը չի կարողացել բացատրել, թե տուժող Արուսյակն ինչու է իր դեմ ցուցմունք տվել. «Միգուցե թշնամությո՞ւն է ուզում անել»:
Ինքը Արուսյակի տուն ընդհանրապես չի գնացել, նույնիսկ չգիտի՝ որտեղից է նրա դուռը բացվում, քանի սենյակ ունի տունը:
Տուժող Արուսյակը հայտնել է, որ ամբաստանյալ Արամին չի ճանաչել, առաջին անգամ դեպքի օրն է տեսել իրենց տանը:
Ինքն աշխատում է որպես կովապահ: Դեպքի օրը երեկոյան սովորականի պես աշխատանքից տուն է գնացել, ջուր է տաքացրել, գլուխը լվացել ու ջուրը թափել է երկրորդ հարկի պատշգամբից:
Երբ երկրորդ անգամ է նույն տեղից ջուր թափել, հետևից ինչ-որ մեկը իր գլխին պարկ է հագցրել, միաժամանակ փակել է իր բերանի հատվածը ու տարել է դեպի ննջասենյակ:
Նա իրեն գցել է մահճակալին, հանել է զուգագուլպան, ներքնաշորը, իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:
Այդ մարդը բեղեր ուներ, զինվորական հագուստով էր: Իր զգալով՝ նա խմած էր:
Դեպքի պահին ինքը տանը մենակ էր, ամուսինը քաղաքում էր, աղջիկը դրսում էր: Ինքն օգնություն է կանչել, բայց ոչ ոք չի լսել:
Ամբաստանյալն իր գործողությունները դադարեցրել է, երբ լսվել են դստեր ոտնաձայները: Ամբաստանյալը թաքնվել է մանկական մահճակալի հետևում, ինքն արագ հագել է ներքնաշորն ու զուգագուլպան:
Աղջիկը բացել է ննջասենյակի դուռը, ներս է մտել, ամբաստանյալին տեսնելով՝ հարցրել է, թե ի՞նչ է անում իրենց տանը: Ամբաստանյալը ոչինչ չի պատասխանել, առաջ է գնացել, խփել է աղջկա գլխին ու դուրս է թռել սենյակից:
Իրենք վախեցած ու հուզված էին: Աղջիկն անմիջապես զանգել է գյուղապետին: Ասել է, որ իրենց տուն մարդ է մտել:
Տուժողը նշել է, որ հարյուր տոկոսով համոզված է՝ իրեն բռնաբարել է ամբաստանյալ Արամ Ս.-ն: Դեպքի պահին նա բեղեր ուներ, հետո սափրել է բեղերը, որպեսզի առերեսման ժամանակ ինքը չճանաչի: Բայց ինքը նրան հաստատապես ճանաչել է:
Նախաքննական ցուցմունքում տուժողը հայտնել էր, որ ննջասենյակում տղամարդը հանել է իր գլխին քաշած պարկը, ինքը տեսել է նրան, բայց նա իրեն ծանոթ չի եղել: Նա առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ: Ինքը մերժել է: Նա իրեն նույնիսկ գումար է առաջարկել, ինքն էլ ասել է, որ «հարամ փողը» իրեն պետք չի:
Դրանից հետո այդ տղամարդը հարվածներ է հասցրել իր դեմքին, իրեն գցել է մահճակալին ու իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել հետը: Ինքը փորձել է նրան հետ հրել, պահանջել է դադարեցնել, բայց նա շարունակել է՝ միաժամանակ հարվածներ է հասցրել իր դեմքին: Ընթացքում նա խոսել է իր հետ, ինչ-որ հորինովի անուն-ազգանունով է ներկայացել, բայց ճիշտ է նշել գյուղը, ասել է, թե որտեղ է ապրում…
Ամբաստանյալ Արամ Ս.-ին՝ որպես իրենց տուն ներխուժած անձի, ճանաչել է նաև տուժողի դուստրը:
Աշոտը, ում մեքենան դեպքի օրը նորոգել էր Արամը, հայտնել է, որ դեպքի օրը Արամը մեքենայով իրեն տուն է տարել: Նա զինվորական հագուստով էր՝ «կամուֆլյաժի կտորից կարված»… Ինքն ու Արամը վերջինիս տանը հաց են կերել, ալկոհոլ են օգտագործել: Իրենց գյուղ հասնելով՝ ինքը Արամին հրավիրել է տուն, բայց Արամը մերժել է՝ ասելով, թե գործ ունի, ու մեքենայով հեռացել է…
Ընդհանուր իրավասության դատարանը ձեռք բերված ապացույցների համակցությամբ Արամ Ս.-ին մեղավոր է ճանաչել բռնաբարության և ապօրինի ուրիշի տուն մուտք գործելու համար: Արամ Ս.-ն վերջին հաշվով դատապարտվել է 3 տարի ազատազրկման և 50 հազար դրամ տուգանքի:
Պատժի սկիզբը կհաշվվի Արամ Ս.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից, երբ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնի: