Վառարան չուներ, կրակ է վառել, որ տաքանա. նոր մանրամասներ Մուսալեռում ծխախեղդ եղած տղամարդու դեպքից
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱրմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Անի թաղամասի շենքերից մեկի բնակարանում հունվարի 8-ի երեկոյան մահացած 46-ամյա Գագիկ Դավթյանը հոգեկան խնդիրներով էր տառապում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մուսալեռի գյուղապետ Էդգար Հովհաննիսյանը: Նա նշեց, որ տղամարդուն դուռը բացելուց հետո հայտնաբերել են աթոռին նստած՝ ծածկոցը ոտքերին:
«Մտանք ներս, նստած էր աթոռին, ծածկոցը ոտքերին, քնած է եղել երեւի, էդ ընթացքում ծխախեղդ է եղել: Վառարան էլ չուներ տանը, հոգեկան խնդիրներ ուներ, երեւի կրակ է վառել տանը, որ տաքանա եւ խեղդվել է: Էդ կրակից էլ հրդեհ էր առաջացել, որը փրկարարները հանգցրին»,-պատմեց գյուղապետը:
Գյուղապետը նշեց, որ մահացած տղամարդը մեկ տարի առաջ էր վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից եւ բնակվում էր մենակ. «Ռուսաստանում ամուսնացած է եղել վրացի կնոջ հետ, բաժանվել է: Էստեղ էլ մենակ էր ապրում»: