Դավիթ Տոնոյանը դռնբաց դատավարություն է պահանջում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՊաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պահանջել է դռնբաց դատավարություն, ինչը կարող է խափանել գործող իշխանությունների բոլոր դավադիր ծրագրերը։ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել հունվարի 19-ին մեկնարկելիք դատաքննությունից առաջ, նշել, թե Տոնոյանը վերահաստատում է իր պահանջը, որ իր վերաբերյալ քրեական գործով դատաքննության փուլում նա պահանջելու է դռնբաց դատական նիստեր՝ քրեական գործի հրապարակային քննություն ապահովելու համար:
Պաշտպանության նախկին նախարարի փաստաբանները մատնանշել են նախաքննական մարմնի կատարած ապօրինությունները, մտավախություն հայտնել, թե դռնփակ նիստերի անցկացմամբ փորձ է արվելու չբացահայտել քրեական գործում ապացույցների բացակայությունը և մեղադրող կողմի հիմնավորումների սին լինելը: Բացի այդ, «մատակարարված հրթիռների քանակի ձեռքբերման գինը, դրանց տեսակը, մատակարարման ժամանակահատվածը և գործի այլ հանգամանքները նախաքննական մարմնի և դատախազության հաղորդագրություններով, հրապարակումներով արդեն իսկ բացահայտված լինելու պայմաններում այլևս խոսք չի կարող լինել որևէ պետական անվտանգության, գաղտնիքի կամ դռնփակ դատական նիստ անցակցնելու մասին»:
«Բացի այդ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և տարբեր շրջանակներ հիշյալ քրեական գործը փորձել են արհեստականորեն կապել 44-օրյա պատերազմի հետ, ուստի Դավիթ Տոնոյանը անհրաժեշտ է համարում, որ քրեական գործի հրապարակային քննությամբ պարզվի և հերքվի նաև այդ հանգամանքը»,-նշել են պաշտպանները։
Հենց սա է հիմնական մեխը, որն այսօրվանից կարող է ցնցակաթված առաջացնել գործող վարչախմբի շարքերում։ Դավիթ Տոնոյանը քանիցս զգուշացրել է Փաշինյանին, որ մտադիր չէ դառնալ քավության նոխաղ նրա իշխանության պահպանման համար։ Եվ դատաքննությունը դռնբաց անցկացնոլու պահանջը վկայում է՝ լուրջ բացահայտումներ են սպասվում։
Արմեն Մելքոնյան