«Հրապարակ».Տիգրան Ավինյանի առջեւ կանաչ լույս են վառել
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակը» գրել էր, որ Տիգրան Ավինյանի առջեւ կանաչ լույս են վառել՝ կադրային քաղաքականությամբ եւ այլ քայլերով նախապատրաստվելու Երեւանի ավագանու ընտրություններին: Պարզվում է, ընտրվել է ամենապրիմիտիվ մեխանիզմը: Տիգրան Ավինյանին են վերապահել՝ ընտրելու բոլոր փոխքաղաքապետերին և ինքն էլ նշանակվելու է փոխքաղաքապետ:
Ըստ մեր աղբյուրների, այսօր փոխքաղաքապետերի 3 թեկնածուները հանդիպելու են ավագանու անդամների հետ, իսկ փետրվարի 8-ի ավագանու նիստի ժամանակ արդեն ընտրվելու են: Բացի Տիգրան Ավինյանից, փոխքաղաքապետերի թեկնածուներ են՝ արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանը, առողջապահության ներկայիս փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը: 3 փոխքաղաքապետերն էլ Ավինյանի մտերիմներն են ու շատ երիտասարդ, թե ինչու է նրանց վրա կանգնել նախկին փոխվարչապետի ընտրությունը՝ դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ նրանք ընտրություններում ձայն բերող չեն և քաղաքի կառավարման ոլորտում որևէ փորձ չունեն: Հերթական անգամ ընտրությունը կատարվել է մտերմության սկզբունքով: