Եվրոպան միանում է հայ-թուրքական կարգավորման գործընթացին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին` Վիեննայում։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ Հայ և թուրք ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին Մոսկվայում, որից հետո կողմերը հայտարարեցին, թե համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների: Ուշագրավ է, որ Վիեննայում հանդիպման վերաբերյալ հայտնի է դառնում Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի՝ Երևան կատարած աշխատանքային այցի ընթացքում։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին Անթալիայի դիվանագիտական համաժողովին հրավիրելու մասին։ Հայկական կողմը չի հերքել այդ ֆորումին մասնակցելու հանգամանքը։ Համաժողովն այս տարի կայանալու է մարտի 11-13-ը, և կարծես տպավորություն էր, որ հայ-թուրքական բանակցություններում բանագնացների հաջորդ հանդիպումն էլ կայանալու է հենց այդ համաժողովի շրջանակներում։ Սակայն, հանկարծ հայտնի է դառնում, որ բանագնացները հանդիպելու են ավելի վաղ, եվրոպական երկրի տարածքում։ Հայ-թուրքական արձանագրությունները, նշենք, կնքվել էին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում։
Այժմ էլ Եվրոպան փորձում է նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը, երկրորդ հանդիպումն էլ կազմակերպվում է ոչ թե Հայաստանի կամ Թուրքիայի տարածքում, այլ եվրոպական երկրում։ Բազմիցս ենք նշել, որ Թուրքիան մտադիր է բանակցային գործընթացից զերծ պահել Ռուսաստանին, և այժմ եվրոպական երկրների ուշադրությունը հայ-թուրքական բանակցություններին, Ավստրիայի ԱԳ նախարարի այցը Երևան և այդ ընթացքում Վիեննայում հանդիպման մասին բարձրաձայնումը լիովին տեղավորվում են այս կանխատեսումների շրջանակում։ Էականն այս ամենում Հայաստանի շահն է, որը անտեսվել էր թե՛ Ցյուրիխում, անտեսվելու է թե՛ Վիեննայում։
Հակոբ Կիրակոսյան