Walt Disney-ը դադարեցնում է իր ֆիլմերի ցուցադրությունը ՌԴ-ում
ՄՇԱԿՈՒՅԹԱմերիկյան Walt Disney ընկերությունը դուրս է գալիս ռուսական շուկայից և դադարեցնում իր ֆիլմերի ցուցադրությունը Ռուսաստանում՝ հաջակցություն Ուկրաինայի, ինչի մասին ասվում է ընկերության տարածած մամուլի հաղորդագրությունում։
«Disney ընկերությունը դադարեցնում է իր ֆիլմերի ցուցադրությունը Ռուսաստանի կինոթատրոններում»,-նշված է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։
Ընկերությունը, սակայն, նշել է, որ հնարավոր է՝ հետագայում վերանայի այդ որոշումը՝ կախված իրավիճակից։ Disney-ից նաև նշել են, որ հաշվի առնելով պատերազմի պատճառով առաջացած միգրանտների ճգնաժամի մասշտաբները՝ ընկերությունն աշխատում է հասարակական կազմակերպությունների հետ՝ փախստականներին օգնելու համար:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։