Եթե խիստ սառնամանիքներ լինեն, կորուստներ անկասկած կունենանք. Գառնիկ Պետրոսյան
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ողջ տարածքում (բացառությամբ Շիրակի և Վայոց ձորի մարզերի) տեղում է ձյուն: Եթե համեմատենք 2021 թվականի այս օրվա հետ, ջերմաստիճանի էական նվազում կա:
Թե գյուղատնտեսական տեսանկյունից ի՞նչ վտանգներ է ներկայացնում տարվա այս եղանակին նման ջերմաստիճանը, 1or.am-ը փորձել է պարզել գյուղատնտես Գառնիկ Պետրոսյանի հետ զրույցում.
«Այս պահի դրությամբ որևէ վտանգ չկա: Բարձրադիր գոտու համար ձյունը շատ անհրաժեշտ էր, որովհետև խոնավության որոշակի պաշար կկուտակվի հողում և նաև հնարավորություն կստեղծվի որոշակիորեն ավելացնելու ջրամբարներում ջրի կուտակման ծավալները: Ինչպես գիտեք, լուրջ խնդիր ունենք, և բոլոր ջրամբարներում ջրի բավականաչափ մեծ պակաս կա նախորդ տարվա համեմատությամբ: Այս պահի դրությամբ էլ, երբ Արարատյան դաշտում պտղատու ծառերի բողբոջները դեռ չեն բացվել, ջերմաստիճանի՝ 2-5 աստիճանով նվազումը բացասական ազդեցություն չի ունենա, իհարկե, եթե հետագայում ջերմաստիճանն ավելի չիջնի»:
Դիտարկմանը, թե օթերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի ևս 4-6 նիշով նվազում, Պետրոսյանը նշեց.
«Դե, տեսնենք, հաղորդելը դեռ քիչ է: Իհարկե, եթե խիստ սառնամանիքներ լինեն, կորուստներ անկասկած կունենանք: Բայց ամբողջ տարվա բերքի ճակատագիրն այս մի քանի օրով չի պայմանավորվում: Դեռ մենք ճանապարհ ունենք անցնելու մինչև ցանքերն ավարտվեն, հետո սկսվեն խնամքի և մշակության աշխատանքները, բերքահավաքը: Շատ բան է կախված, թե մենք գարնան վերջին և ամռանը կլիմայական ինչ պայմաններում կգտնվենք: Անցյալ տարի էլ խոնավ էր մինչև մայիսի կեսերը, հետո տեղումները դադարեցին, և երաշտ գրանցվեց»:
Գյուղատնտեսի պնդմամբ՝ մարտի կեսին ձյունն ու նման ջերմաստիճանն աննախադեպ չեն, այսպիսի տարիներ ունեցել ենք.
«Այս պահի ցածր ջերմաստիճանը կնպաստի, որպեսզի պտղատու ծառերի ծաղկումն ավելի ուշ տեղի ունենա, և սա կնպաստի ուշ գարնան ցրտահարություններից խուսափելուն, որն ի դեպ, ավելի վտանգավոր է: Ես հույս ունեմ, որ առաջիկա օրերին ջերմաստիճանն էականորեն չի նվազի, և մենք կխուսափենք վտանգներից»:
Մարիամ Նալբանդյան