Ջիգարխանյանն ինձ շարունակ դավաճանել է. Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ առաջին սկանդալային հարցազրույցը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ81-ամյա Արմեն Ջիգարխանյանը եւ 36-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան կրկին հայտնվել են ռուսական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Տարեվերջին Ջիգարխանյանն անախորժ պատմության մեջ էր հայտնվել, որը կապված էր իր իսկ թատրոնի աշխատակիցների հետ, որոնք հռչակավոր ռեժիսորին դատի են տվել, քանի որ իրենց աշխատավարձ չի վճարում:
Իսկ հիմա իր առաջին հարցազրույցն է տվել Արմեն Ջիգարխանյանի լքված կինը՝ Տատյանա Վլասովան: Նախկին կինը ժողովրդական արտիստին մեղադրել է, որ նա 15 տարի շարունակ իրեն դավաճանել է:
Տատյանան պատմել է, որ 1998 թվականին դերասանը տուն է գնել Դալլասում եւ իրեն համոզել է տանը հետեւել, այնտեղ՝ օվկիանոսից այն կողմ, տնտեսություն վարել: Իսկ ինքը Մոսկվայում է մնացել: Տատյանան կասկածում է, որ իր մեկնելուց անմիջապես հետո Արմենը ծառայողական սիրավեպ է սկսել իր ներկայիս երիտասարդ կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ:
«Երբ Ամերիկա տեղափոխվեցի, 57 տարեկան էի: Այժմ 74 տարեկան եմ: Ջիգարխանյանի նոր կինը՝ Վիտալինան, ասում է, որ իրենց հարաբերությունները 15 տարուց երկար վաղեմություն ունեն: Ճիշտ այդքան էլ ես Ամերկայում եմ ապրել, ստացվում է, որ այդքան տարի ամուսինս ինձ խաբել է: Ես շքեղ մուշտակներ չեմ ունեցել, ամուսնուս հետ շնորհանդեսների չեմ հաճախել: Ես նրա հաշվին փիառ չեմ արել: Դա նրան ձեռնտու էր: Նա ասում էր, որ խնջույքների սիրահար չէ, ինչպես որ ես էլ սիրահար չեմ»,- սեփական հետաքննություն է անցկացրել Վլասովան:
Ջիգարխանյանի եւ Վլասովայի ամուսնական ճգնաժամն սկսվել է նրա հիվանդության շրջանում: Արմենը լրագրողներին ասել է, որ երբ մի քանի տարի առաջ կաթվածով Մոսկվայում պառկած էր, Դալասից իրեն ոչ ոք չի զանգահարել, չի հարցրել ինքնազգացողության մասին, օգնություն չի առաջարկել:
«Այդ հիմա են նրանք ասում, որ ամուսնուս անհրաժեշտ խնամք ցույց չեմ տվել: Նա դադարեց Դալլաս գալ 2009 թվականից, երբ երկրորդ անգամ կաթված ստացավ: Բայց ես չգիտեի, որ նա հիվանդ է: Սովորաբար նա էր Ամերիկա զանգում: Ես նրան Դալլասում էի սպասում, իսկ նա այդ ժամանակ, պարզվում է, հիվանդանոցում է եղել: Բժիշկները նրան արգելել էին օդանավով թռչել: Երբ այդ մասին իմացա, Մոսկվա մեկնեցի՝ նրան հիվանդանոցում տեսակցելու: Բայց ամուսինս ասաց՝ չարժե իր մոտ գնալ, ինքը կորոշի, թե մենք ինչպես հանդիպենք»,- արդարացել է Տատյանան:
Դերասանը Վլասովային աջակցել է ֆինանսապես: Նրան կանոնավոր կերպով փող է ուղարկել:
«Ես Ամերիկայում ապրել եմ այդ փողով, հարկեր եմ վճարել, կոմունալ վճարումներ կատարել, տան նորոգում: 2015-ի մարտին ես տունը վաճառեցի, իսկ ապրիլին Մոսկվա վերադարձա: Զանգահարեցի ամուսնուս՝ խնդրում եմ, արի, խոսենք: Նա տարբեր պատրվակներով կրկին հանդիպումից հրաժարվեց: Շուտով ապահարզանի հարցը բարձրացվեց: Այդ ժամանակ ես նյութական օգնությունից հրաժարվեցի: Հունիսին ամուսնալուծվեցինք»,- Ջիխարխանյանի նախկին կնոջ խոսքն է մեջբերում «Комсомольская правда»-ն:
Ցավոք, նախկին կողակիցները չկարողացան խաղաղությամբ բաժանվել, առանց վիրավորանքների:
«Ինձ այդպես էլ չհաջողվեց Արմեն Բորիսովիչին հանդիպել: Երբ ես նվաստացած նրան էի սպասում թատրոնի մոտ, դա մեր ամուսնալուծությունից մի քանի ամիս հետո էր, նա նույնիսկ չցանկացավ հետս խոսել: Ես մենակ եմ, ոչ մեկից օգնություն սպասել չեմ կարող: Արմեն Բորիսովիչը բարձր աշխատավարձ է ստանում եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի թոշակ: Իսկ ես նվազագույն կենսաթոշակ եմ ստանում՝ 8 հազար 500 ռուբլի: Բժշկի գնալը, դեղեր գնելը՝ ամեն ինչ շատ թանկ է»,- նշել է Տատյանան: