Մանրամասներ բժշկի կողմից հիվանդ աղջկան բռնաբարել փորձելու դեպքից
ԻՐԱՎՈՒՆՔԿապանի բժշկական կենտրոնում հունվարի 17-ի գիշերը արտառոց դեպք է գրանցվել. երիտասարդ աղջիկն ահազանգել է, որ հիվանդանոց տեղափոխվելուց հետո բժշկի կողմից սեռական ոտնձգության է ենթարկվել. անասթեզիոլոգը փորձել է բռնաբարել իրեն: NEWS.am-ին Կապանի բժշկական կենտրոնից դեպքի վերաբերյալ տեղեկացրին, որ լսել են նման բան, սակայն, չեն կարող հաստատել: Կապանի բժշկական կենտրոնի բժշկուհի Ալլա Ալեքսանդրովնան էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին կատարվում է հետաքննություն եւ դեպքի վերաբերյալ մանրամասներ չեն կարող հայտնել: Բժշկուհին նաեւ խուսափեց ասել անասթեզիոլոգի անունը:
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունիցNEWS.am-ին տեղեկացրին, որ նման հաղորդում ստացվել է, հանգամանքները պարզվում են, սակայն, դեպքի վերաբերյալ դեռեւս քրեական գործ չի հարուցվել:
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել էր, որ այս գիշեր Կապանի բժշկական կենտրոնում երիտասարդ աղջիկը հիվանդանոց տեղափոխվելուց հետո բժշկի կողմից սեռական ոտնձգության է ենթարկվել: Ըստ տուժած աղջկա՝ բժշկական օգնություն ստանալու նպատակով «Կապանի» ԲԿ տեղափոխվելուց հետո բժիշկը փորձել է բռնաբարել իրեն։
Կայքի տեղեկություններով՝ 18-19 տարեկան աղջիկը ԲԿ էր տեղափոխվել ինքնասպանության փորձ կատարելուց հետո՝ բուժօգնություն ստանալու նպատակով։ Աղջիկը բողոքում է անասթեզիոլոգի դեմ: