ԿԲ-ն արձանագրում է տնտեսական անկումը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱրդյունաբերության անկում, դրամական փոխանցումների նվազում, բարձր գնաճ։ Հայաստանի Կենտրոնական բանկը կանխատեսում է արել առաջիկա ամիսների համար: Վերլուծելով վերջին զարգացումները՝ ռուս-ուկրաինական պատերազմը, ինչպես նաև Ռուսաստանի նկատմամբ խստացվող պատժամիջոցները Հայաստանի Կենտրոնական բանկը արձանագրում է, թե մեր տնտեսության վրա զգալի բացասական ազդեցություն են ունենալու։
«Առաջիկա եռամսյակներում սպասվում է բարձր գնաճային միջավայրի պահպանում», - փաստում է Կենտրոնական բանկը։
Հայաստանի սպառողներն առաջիկայում լուրջ խնդիրների առջև են կանգնելու։ Նույնիսկ Կենտրոնական բանկը, որը վերջին շրջանում զբաղված էր առավելապես հայկական դրամի արժեզրկումը կանխելու, տնտեսական զարգացումները ապահովելու ուղղությամբ կատարված քայլերով, փաստում է, որ չափազանց խայտառակ վիճակ է ստեղծվելու Հայաստանի համար։ Հատկապես Հայաստանի գլխավոր առևտրային գործընկեր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով, հայկական ապրանքների արտահանումը նվազելու է, իսկ արտերկրից ուղարկվող դրամական փոխանցումները կկրճատվեն առնվազն 20%-ով։ Միակ ոլորտը, ինչպես նշում է Կենտրոնական բանկը և ինչպես ավելի վաղ նշել էին բոլոր փորձագետները՝ զբոսաշրջությունն է, այն էլ ոչ թե Հայաստանը նայելու, Հայաստանում սեփական գումարները ծախսելու մտադրություն ունեցող օտարերկրացիների, այլ ընդամենը Ռուսաստանից, Բելառուսից և այլ երկրներից Հայաստան տեղափոխվող IT ոլորտի մասնագետների շնորհիվ։
Ըստ էության, այս գաղթը դեպի Հայաստան հնարավոր կլինի դրական արդյունքով ամփոփել, միայն մի քանի տարի անց, երբ պարզվի, որ Հայաստան տեղափոխված շատ մասնագետներ ոչ թե ընդամենը մեր երկրին օգտագործել են որպես տարանցիկ ճանապարհ արտերկիր տեղափոխվելու, այլ իսկապես մնացել են Հայաստանում։ Ընդսմին արձանագրենք, որ Հայաստանը լուրջ խնդիրների է բախվելու թե՛ տնտեսական առումով և թե՛ մյուս բոլոր առումներով։ Առաջիկայում լուրջ գնաճ է սպասվում, և մենք ստիպված ենք մեր ընթերցողներին բացատրելու, համոզելու, որպեսզի ձգեն իրենց գոտիները, որովհետև այդ գնաճը ազդելու է հնարավոր բոլոր ապրանքների վրա՝ սննդից մինչև մեքենաներ, առաջին անհրաժեշտության ապրանքներից մինչև հագուստ։
Տարոն Հակոբյան