Լավրովը խոսել է Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան կշարունակի Կիևի հետ բանակցային գործընթացը, սակայն առայժմ չի դադարեցնի ռազմական գործողությունները։ Այս մասին Լավրովը հայտարարել է «Россия 24»-ին տված հարցազրույցում։
«Ես պատճառ չեմ տեսնում, որ մենք (բանակցությունները) չկարողանանք շարունակել, թեև ուկրաինական կողմը ամեն անգամ շրջվում է, երբեմն 180 աստիճանով, մերժելով այն, ինչ ինքն էր առաջարկել, օրինակ, մի քանի օր առաջ։ Այնուամենայնիվ, մենք համբերատար և համառ մարդիկ ենք», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Ընդ որում, ռազմական գործողություններում դադարներ չեն լինի։ Լավրովի խոսքով, բանակցությունների առաջին փուլի նախօրեին Պուտինը հրամայել է դադարեցնել կրակը, սակայն Ուկրաինան «չի պատասխանել փոխադարձաբար»: «Երբ համոզվեցինք, որ ուկրաինացիները չեն պատրաստվում փոխադարձ պատասխան տալ, որոշվեց, որ բանակցությունների հաջորդ փուլերի համար դադարներ չեն լինի, մինչև վերջնական պայմանավորվածություններ ձեռք բերվեն, մինչև դրանք ստորագրվեն»,- նշել է Լավրովը։