Փորձել հրաժարվել ռուսական ներկայությունից իրականության մեջ Արևմուտքը չի կարող, Եվրոպան՝ առավել ևս
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել էր, որ ռուսական էներգառեսուրսներից հրաժարումը հարվածել է միլիոնավոր եվրոպացիների, ազդել է նաև ԱՄՆ-ի վրա: Գները բարձրանում են ամենուր, գնաճը շատ բարձր է, եվրոպական երկրների համար՝ աննախադեպ:
Թեմայի շուրջ 1or.am-ը զրուցել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանի հետ.
«Համաշխարհային նավթի շուկայում Ռուսաստանը դասվում է խոշոր նավթարդյունահանող երեք երկրների շարքին՝ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հետ և համարվում է շուկայի հիմնական խաղացողներից: Եվ, բնական է, նրա հեռացման փորձը նույնիսկ, շատ ծանր է անդրադառնում ամբողջ շուկայի վրա, հետևաբար, Ռուսաստանին դուրս մղելը շուկայից նշանակում է գների աննախադեպ բարձրացում, որ ամբողջ ֆինանսական շուկան հայտնվում է ճգնաժամի մեջ:
Նավթի գինն անցած տարի այս ժամանակաշրջանում 50-60 դոլար էր, հենց այս պահին Լոնդոնի ֆոնդային բորսայում հասել է մոտավորապես 110 դոլարի: Ամերիկացիները փորձ արեցին իջեցնել նավթի գները, բացեցին իրենց պահուստային ֆոնդը և օրական մոտ 1 միլիարդ բարել նավթ են հիմա վաճառում շուկայում, գներն իջան՝ հասնելով մոտավորապես 96 դոլարի, որը տևեց ընդամենը երկու օր, և այսօրվա դրությամբ գները նորից աճում են:
Տնտեսագետի խոսքով՝ վիճակը հատկապես ճգնաժամային է Եվրոպայի համար, քանի որ Եվրոպայի էներգետիկ շուկայում Ռուսաստանի դիրքերն ավելի մեծ են:
«Սպառվող նավթի 30 տոկոսից ավելին ռուսականն է, գազի սպառման ծավալով Ռուսաստանն առաջինն է՝ 45 տոկոս և ածխի 40 տոկոսը: Այսինքն՝ փորձել հրաժարվել ռուսական այս ներկայությունից, իրականության մեջ Արևմուտքը չի կարող, Եվրոպան՝ առավել ևս: Քաղաքական գործիչների մակարդակով արված հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում, քանի որ քաղաքական գործիչները շատ վատ են պատկերացնում շուկան, դրա կառուցվածքը, տեխնիկական, լոգիստիկ խնդիրները:
Իրականության մեջ դա առավել խորը ճգնաժամի կհանգեցնի, որովհետև եթե երկիրն սկսի նոր նավթ ներկրել՝ այն դեպքում, երբ իր բորսաները հարմարեցված են ռուսական նավթի համար, ապա պետք է գործարաններն ամբողջովին փոխես և այլն, և այլն, որն ահռելի ծավալի աշխատանք է, և մեծ ներդրումներ ու ժամանակ է պահանջում: Հենց այս քաղաքական պոպուլիզմն է հանգեցրել նավթի և գազի շուկայի անհավանական գներին: Դա մյուս կողմից ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ գերշահույթ է ստանում նավթի վաճառքից՝ օրական մինիմում 180 միլիոն դոլար լրացուցիչ եկամուտ է ստանում: Գազի դեպքում այդ ծավալներն ավելի մեծ են, քանի որ թանկացումներն իրոք աննախադեպ են: Այսինքն՝ մի կողմից սանկցիոն քաղաքականությունը վնասում է Ռուսաստանի տնտեսությանը, մյուս կողմից՝ չմտածված քաղաքական հայտարարությունները հանգեցնում են նրան, որ, եթե այս տեմպերով ամեն ինչ շարունակվի, Ռուսաստանը տարեվերջին կարող է մինչև 300 և ավելի միլիարդ դոլար լրացուցիչ եկամուտ ստանալ:
Ամեն դեպքում՝ ճգնաժամն առկա է և խորացման միտում ունի, այն առումով, որ արդյունաբերական շատ հսկաներ արդեն քննարկում են Եվրոպայից հեռանալու և նավթի և գազի ավելի էժան պաշարներ ունեցող երկրներ գնալու տարբերակը»:
Մարիամ Նալբանդյան