Իմունոլոգ Ժեմչուգով. կորոնավիրուսը կդառնա սեզոնային վարակ կամ կփոխանցվի կենդանիներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆRg.ru-ն գրում է, որ կորոնավիրուսը կարող է դառնալ սեզոնային վարակ կամ տեր կգտնի բնության մեջ։ Նման կարծիք է հայտնել հատկապես վտանգավոր վարակների մասնագետ, իմունոլոգ Վլադիսլավ Ժեմչուգովը պատասխանելով հարցին, թե ո՞ւր կգնա կորոնավիրուսը, երբ ավարտվի համաճարակը։
Նրա խոսքով, հավանականություն կա, որ վիրուսը սեզոնային վարակի վերածվի, և ինչպես գրիպը, սեզոնների փոփոխության հետ մեկ կիսագնդից մյուսը տեղափոխվի։ Երկրորդ տարբերակն այն է, որ կորոնավիրուսը բնության մեջ կգտնի նոր հյուրընկալող և կդառնա ևս մեկ նոր բնական օջախային վարակ:
«Այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են Էբոլան և ժանտախտը, առկա են տերերի՝ որոշակի կենդանիների մոտ և գոյատևում են բնական ռեզերվուրաներում», - ասել է Ժեմչուգովը։ Նա նշել է, որ կենդանական աշխարհում կորոնավիրուսի բնական օջախների առաջացումը մարդկանց համար վտանգավոր չէ և ընդհանուր առմամբ նորմալ գործընթաց է։
Փորձագետը բացատրել է, որ վիրուսի նպատակը գոյատևելն ու պահպանվելն է որպես տեսակ։ Այն կմնա, և կընտրվեն հենց այն մուտացիաները, որոնք կհեշտացնեն նրա անցումը մեկ այլ ռեզերվուար։ Միևնույն ժամանակ, եթե մարդկանց մոտ նկատվի իմունիտետի նվազում, վիրուսը կարող է կենդանիներից վերադառնալ մարդկանց:
Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի հաջորդականության տեխնոլոգիաների վրա հիմնված ախտորոշման նոր մեթոդների մշակման գիտական խմբի ղեկավար Կամիլ Խաֆիզովի խոսքով, սցենարը, որի դեպքում կորոնավիրուսը լիովին կվերանա, քիչ հավանական է։ Գրեթե բոլոր փորձագետները համաձայն են, որ վիրուսը հավերժ կմնա մեզ հետ և պարբերաբար հիվանդացության ալիքներ կառաջացնի ամբողջ աշխարհում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը