Թուրքիայում հայտնել են Պուտինի սպասվող այցի մասին, սակայն Կրեմլը տեղեկությունը հերքել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա կարող է կայանալ Անկարայում ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի և թուրք գործընկերների բանակցություններից հետո։ Երեքշաբթի նման հայտարարությամբ է հանդես եկել թուրքական Star թերթը։
Աղբյուրը հիշեցրել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախորդ հեռախոսազրույցներից մեկի ժամանակ Ռուսաստանի առաջնորդին հրավիրել էր Թուրքիա:
Մինչդեռ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ առաջիկա շաբաթներին Պուտինի Թուրքիա այցի նախապատրաստական աշխատանքները չեն տարվում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես նման տեղեկություն չունեմ, որքան գիտեմ, Պուտինի այցն Անկարա առաջիկա օրերին չի նախատեսվում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Ճշտող հարցին ի պատասխան՝ նա հավելել է, որ այցն «առաջիկա շաբաթներին էլ» չի նախատեսվում: