ԱՄՆ-ը համաձայն չէ ղարաբաղյան հակամարտության «լուծված» լինելու Ալիևի պնդման հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆEadaily.com-ը գրում է, որ Միացյալ Նահանգները համոզված է, որ ղարաբաղյան հակամարտության մնացած չլուծված հարցերի համապարփակ և տևական բանակցային կարգավորումը Հարավային Կովկասում խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի բանալին է: Այդ մասին «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին։ «Անկասկած, Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է չլուծված»,- նշել է դիվանագետը մատնանշելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։
Նրա խոսքով, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը առանցքային գործոն է, բայց ոչ միակ միջազգայնորեն ճանաչված սկզբունքը համապարփակ խաղաղության հասնելու համար։
Վաշինգտոնը համոզված է, շարունակել է դեսպանը, որ ձգձգվող հակամարտության հիմքում ընկած խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, որպեսի գտնվի համապարփակ լուծում հիմնված տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և ուժի չկիրառման միջազգայնորեն ճանաչված սկզբունքների վրա։
Լին Թրեյսին հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների շարունակմանը և «պատրաստ է ներգրավվել երկկողմ ձևաչափում համախոհ երկրների հետ, այդ թվում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին Երևանում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի։
«Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագա կառուցելուն: Այդ ջանքերը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, կօգնեն այս երկրներին հասնել կայուն և համապարփակ խաղաղության»,- համոզմունք է հայտնել «Արմենպրես»-ի զրուցակիցը: Միևնույն ժամանակ, դեսպանը մատնանշել է ԱՄՆ-ի մտահոգությունները այնպիսի գործողությունների վերաբերյալ, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման վերջին դադարեցումը և ադրբեջանական զորքերի տեղաշարժը շփման գծի երկայնքով:
Ինչպես հաղորդում է EADaily-ն, Իլհամ Ալիևը թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանի տարածքում «Լեռնային Ղարաբաղ միավոր չկա»: «Կարո՞ղ է կարգավիճակ ունենալ Լեռնային Ղարաբաղի այն միավորը, որը գոյություն չունի։ Իհարկե ոչ: Ես ասել եմ և ուզում եմ կրկնել. եթե ինչ որ մեկն ուզում է Լեռնային Ղարաբաղին կարգավիճակ տալ, թող իր տարածքում նման կառույց կամ հանրապետություն ստեղծի և ճանաչի նրա անկախությունը։ Մենք էլ կարող ենք դա ճանաչել, բայց ոչ Ադրբեջանի տարածքում»,- այն ժամանակ ընդգծել էր Ադրբեջանի ղեկավարը։
Պաշտոնական Բաքվի «լուծված ղարաբաղյան հակամարտության» դիրքորոշումը չի կիսում ոչ միայն Երևանը, այլ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահները:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը