Լոռու մարզում փորձել են բանկ թալանել․ երբ դրամապահոցը բացելու փորձ են արել, ազդանշանը միացել է
ԻՐԱՎՈՒՆՔԱյսօր՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։20-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Թումանյանի պահպանության բաժնի ծառայողը ահազանգել է ոստիկանության Թումանյանի բաժին և հայտնել, որ Ալավերդ քաղաքում Հայաստանում գործող բանկերից մեկի՝ «Թումանյան» մասնաճյուղի անվտանգության ահազանգման համակարգը միացել է։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Ոստիկանները պարզել են, որ դեռևս անհայտ անձը կամ անձինք բանկի մուտքի դուռը բացել են դրսի հատվածից և դրամապահոցի համար նախատեսված սենյակում քանդել են առաստաղը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված բանկի մասնաճյուղի այդ հատվածը եղել է չբնակեցվող և առանց հսկողության թողնված։ Այն մասնաշենքի 2-րդ հարկն է, որտեղ պանելային հատակը շուրջ 30 սմ տրամագծով տեխնիկական միջոցների գործադրմամբ քանդել են և մուտք գործել դրամապահոցի սենյակ, փորձել մետաղյա լիգանման առարկայով բացել դրամապահոցի դուռը։
Հավանաբար, երբ զգացել են, որ միացել է ազդանշանը, ոչինչ չգողանալով՝ դիմել են փախուստի։ Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։