Նրանց նպատակն է օժանդակել Ուկրաինային և հնարավորինս ճնշում կիրառել Ռուսաստանի նկատմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀամաշխարհային առաջնորդներն անցած գիշեր Բավարիայում «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովում համաձայնության են եկել ավելացնելու աջակցությունը պատերազմի մեջ գտնվող Ուկրաինային և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պարտության մատնելու համար:
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ որևէ նոր բան ակնկալել այս պայմանավորվածությունից պետք չէ.
«Մենք արդեն ամիսներ շարունակ հետևում ենք Ուկրաինական իրադարձություններին և մոտավորապես գիտենք թե ինչ է կատարվում։ Նոր բան չկա, պատժամիջոցները Ռուսաստանի դեմ անընդհատ կիրառվելու են, խորանալու են, մոտ ապագայում գուցե նոր պատժամիջոցներ ընդունվեն։ Այս պարագայում Ուկրաինական ճգնաժամը ողջ աշխարհում համար մեկ թեման է, և այս թեմայի շուրջ ՆԱՏՕ-ի անդամ երկրների կամ մեծ Յոթնյակի երկրների պարագայում նույնաբովանդակ են։ Նրանց նպատակն է, որ օժանդակեն Ուկրաինային և հնարավորինս ճնշում կիրառեն Ռուսաստանի նկատմամբ»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։
Անդրադառնալով Մակրոնի այն հայտարարությանը, թե Ուկրաինայի վերաբերյալ այս գագաթնաժողովից հետ «ուժեղ» հայտարարություն է արվելու, քաղաքագետը նշեց.
«Հայտարարությունը, կարծում եմ, կոչ է լինելու կողմերին, գալ ընդհանուր հայտարարի, բանակցություններ սկսել, չեմ բացառում որ կարող է նաև դրույթներ պարունակել ապագա բանակցային փաթեթի վերաբերյալ։ Այսինքն այլ բան այս պահի դրությամբ չեմ կարող կանխատեսել»։
Մարիամ Նալբանդյան