Պաշտոններից զրկելու հարցը ՍԴ-ում չեն վիճարկի. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու հարցը ընդդիմությունը Սահմանադրական դատարանում չի վիճարկի:
«Ժողովուրդ» օրաթերթին այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը: «Վիճարկենք այն նույն դատարանում, որ ծանր վիրավորանքի՝ քրեական օրենսգրքի հոդվածը սահմանադրակա՞ն ճանաչեց: Չենք դիմելու»,- ընդգծեց Վարդեւանյանը:
Հիշեցնենք, որ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ընդդիմադիրները հենց ընտրությունների վիճարկման հայցով սկսել, այնուհետ զարգացրել էին ՍԴ դիմելու պրակտիկան: Մեկ տարվա ընթացքում ընդդիմությունը, հենց Վարդեւանյանի գլխավորությամբ, ավելի քան մեկ տասնյակից ավելի հայցերով դիմել է մայր դատարան, իսկ հիմա մարտավարությունը փոխվել է: Արդյունքում քաղաքական իշխանությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», միանգամից ու անարգել կարող է զրկել ընդդիմադիրներին պաշտոններից:
Վաղը, մյուս օրը, փաստորեն, մի բաժակ ջուր խմելու հանգստությամբ իշխանությունը կարող է նաեւ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցը քննարկել, կյանքի կոչել, ինչի առիթով ներքին քննարկումները սկսել են արդեն:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում