ՏՏ ոլորտում խռովություն է հասունանում. դոլարի արժեզրկումը լուրջ խնդիրներ է հարուցել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանի ՏՏ ոլորտի ընկերությունները լուրջ խնդիրների են բախվել դոլարի արժեզրկման պատճառով։ Ինչպես ավելի վաղ նշել ենք, այդ ընկերությունների մի զգալի մասը ֆինանսավորումը ստանում է արտերկրից, արտարժույթով, աշխատավարձերն էլ, համապատասխանաբար, աշխատակիցներին վճարում են արժույթով։ Եվ այժմ, երբ դոլարը գրեթե 20 տոկոսով արժեզրկվել է, նույնքան էլ նվազել են եկամուտները։
Հայաստանյան ՏՏ ոլորտի ընկերությունների շահութաբերությունը միջինում 20 տոկոսից պակաս է, բազմաթիվ ընկերություններ այսօր աշխատում են զրոյական վիճակում, մի մասն էլ տևական ժամանակ վնասներ են կրում։ Եթե սկզբնական շրջանում ընկերությունները կարծում էին, թե դոլարի արժեզրկումը ժամանակավոր երևույթ է, որի համար արժե գոտիները փոքր-ինչ ձգել, ապա այժմ խուճապային տրամադրություններ են հասունանում։
Հայաստանի կառավարությունն ու Կենտրոնական բանկը, նշենք, ոչինչ չեն ձեռնարկում այս հարցում։ Ավելին, վերջերս քննարկումներ են եղել ոլորտի ներկայացուցիչների հետ, կառավարությունից նշել են, թե պատասխանատուն ԿԲ-ն է, իսկ Կենտրոնական բանկից ասել են, որ դոլարի արժևորման դեպքում ահռելի գնաճ կլինի, որը կհարվածի ոչ միայն ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին, այլև ողջ հանրությանը։
Դիտարկմանը, թե կառավարությունը կարող է սուբսիդիաների կամ այլ արտոնությունների միջոցով օգնել ոլորտին, պատասխանել են, թե մտադիր չեն հատուցել կորուստները։ Ոլորտի ներկայացուցիչները բավարարված չեն այս պատասխաններից, քննարկում են որևէ տարբերակով փողոց դուրս գալու, բողոքի ակցիաներ անելու հնարավորությունը։ Ի դեպ, երբ խոսքը վերաբերում է իրենց գրպանին, ծրագրավորողները բավական լուրջ ակցիաներ են անում, դրա օրինակը «Դեմ եմ» շարժումն է։
Դանիել Երեմյան