Ինչո՞ւ են Սամվել Թադևոսյանին հեռացրել Թատերական ինստիտուտից և ո՞ւմ է նա առանձնահատուկ ձևով կարոտում բանակում
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՀայկական ֆիլմարտադրության մեջ «Կյանք ու կռիվ» գեղարվեստական ֆիլմը մեծ աղմուկ բարձրացրեց: Այն սիրվեց շատերի կողմից և վերջերս «Pan Armenian Entertainment Awards 2016»-ում արժանացավ «Տարվա լավագույն ֆիլմ» տիտղոսին:
Tert.am Life-ը շատ անգամներ է անդրադարձել ֆիլմին և պատմել մանրամասների մասին: Այս անգամ ֆիլմի գլխավոր դերասան Սամվել Թադևոսյանի բացահայտեցինք այլ տեսանկյունից:
Սամվելը սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Բակալավր գերազանց ավարտելուն պես շարունակել է ուսումը մագիստրատուրայում, բայց նրան հեռացրել են ինստիտուտից:
« «Կյանք ու կռիվ» ֆիլմի նկարահանումները համընկավ քննություններիս հետ: Եվ քանի որ չկարողացա մասնակցել, հեռացրեցին ինձ: Հետո առաջարկեցին վերականգնել, բայց ես հրաժարվեցի, որովհետև անիմաստ էր. չեմ կարող հասկանալ այն, որ դերասանին հեռացնում են՝ ֆիլմում նկարահանվելու համար»,- ասաց Սամվելը:
Նախքան ֆիլմում նկարահանվելը, Սամվելին կարող էինք տեսնել թատրոնում: Նա խաղացել է տարբեր ներկայացումներում և բեմադրել «Էգոիստ» ներկայացումը:
«Արտավազդ մրցանակաբաշխությանը» արժանացել է «լավագույն երիտասարդ դերասան» մրցանակին, իսկ «Արտ ֆեստ» փառատոնին՝ «լավագույն դերասան»: Բայց մինչ «Կյանք ու կռիվ»-ը քչերը գիտեին նրա մասին:
«Ֆիլմն ավելի մասսայական է, իսկ թատրոնը այլ աշխարհ է: Պատճառը դա է, որ շատ քչերը գիտեին իմ մասին: «Կյանք ու կռիվ»-ն ինձ համար մեծ այցեքարտ էր մուտք գործել կինոարվեստ և կարող եմ ասել, որ սա իմ կարիերայի նոր սկիզբն է: Իսկ ապագայի հետ կապված շատ ծրագրեր ունեմ՝ լինի դա թատրոնում, թե կինոյում»,- նշեց նա:
Հիմա Սամվելը զինվորական ծառայություն է: Նրա խոսքով. «Երբ անցա ծառայության, ոչ ոք չգիտեր իմ մասին, մինչ այն ժամանակ, երբ սկսեցին գովազդել ֆիլմը: Իմ զինվորակից ընկերները նույնպես ներկա են եղել ֆիլմի պրեմիերային և բավականին տպավորված էին: Նրանք ունիկալ ձևով էին ընկալել ֆիլմը»:
Հարցին՝ ինչպես է նա ընկալել ֆիլմը և ինչ է սովորել, դերասանը պատասխանեց. «Ֆիլմում ներկայացված է 90-ականները, այն նկատելիորեն տարբերվում է մերօրյա իրականությունից: Ես այլ մտածելակերպ ունեմ, ֆիլմի հերոսը՝ այլ: Ֆիլմում թոռան և պապու հարաբերություններն են ինձ առավել հարազատ, քանի որ ես նույնպես իմ պապու հետ շատ մոտ եմ: Երբ սցենարը կարդացի, այն զգացողությունն էր ինձ մոտ, որ կարծես իմ մասին հենց գրված լիներ: Բանակում միայն ինձ օգնեց կրակելը: Նկարահանումների համար հատուկ դասընթացների էի գնացել: Երբ զորամասում գնացինք կրակային, զարմացել էին, թե ինչպես եմ լավ կրակում»:
Մեր զրույցի ընթացքում, պարզեցինք, որ Սամվելը ինչ-որ մեկին, որին նա չցանկացավ ներկայացնել, առանձնահատուկ ձևով է կարոտում:
«Կա այն մեկը, որին առանձնահատուկ ձևով եմ կարոտում: Չեմ կարող ասել, արդյոք սիրտս զբաղված է, թե ոչ, որովհետև չգիտեմ սերը սրտում է, թե գլխում: Դեռ չեմ պարզել ինչ է սերը, բայց որ կապվածություն կա, դա հաստատ է»,- եզրափակեց նա:
Մելինե Տոնոյան