ՀՀ վարչապետն այցելեց Մայր Աթոռ Ս. Էջմիածին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՓետրվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Մայր Աթոռ, կարևորեց Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ու ժողովրդին հուզող խնդիրների կարգավորմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը և իրականացվող ծրագրերը: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց նաև, որ պրն. Կարեն Կարապետյանն իր ծառայության տարբեր հանգամանքներում մշտապես աջակից է եղել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն և նրա կառույցներին:
Իր հերթին ՀՀ վարչապետը գոհունակությամբ անդրադարձ կատարեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և ՀՀ կառավարության միջև առկա հարաբերություններին` մեծապես կարևորելով պետություն-եկեղեցի համագործակցությունը:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը կառավարության ղեկավարին ներկայացրեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գործունեությունը: Խոսվեց նաև երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքի մասին:
Ամենայն Հայոց Հայրապետը ՀՀ վարչապետին մաղթեց, որպեսզի հաջողություններով պսակվեն Հայրենիքի առաջընթացին և ժողովրդի բարօրությանն ուղղված նախաձեռնությունները: