Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը
ՄՇԱԿՈՒՅԹԿյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից:
«Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի երկարամյա դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը։
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Վ. Հարությունյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»,- նշված է միության ֆեյսբուքյան էջում։
Վրույր Հարությունյանը ծնվել է Կիրովականում (այժմ` Վանաձոր): 1968թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971-74թթ սովորել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանական ստուդիայում: Ուսանողական տարիներին աշխատել է Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: 1975-77թթ աշխատել է Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական թատրոնում, 1982-98թթ կրկին` Վանաձորի պետական թատրոնում` որպես դերասան: 1977-82թթ բնակվել և աշխատել է Ռուսաստանում: 1998թ. ընկերների հետ հիմնել է Վանաձորի քաղաքապետարանի «Բոհեմ» կամերային թատրոնը, որտեղ մինչ 2001թ. եղել է դերասան և գլխավոր բեմադրիչը: 2003թ-ից հանդես է եկել Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան: Կերտել է շուրջ 50 թատերական դեր: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում: Արժանացել է պատվոգրերի, մրցանակների, որոնցից է 2008թ. Լոռու փառատոնում ստացած մրցանակը` լավագույն տղամարդու դերակատարման համար: 2017թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: