Խաղաղության երկու մոդել. ի՞նչ է ուզում Փաշինյանը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ վերջին հանդիպմանը քննարկվել են խաղաղության պայմանագրի տարբերակները։
ՔՊ-ի մեր աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե պայմանագրի երկու մոդել գոյություն ունի։
Դրանցից արևմտյանը Հայաստանին առաջարկում է խաղաղության պայմանագրի համապարփակ ստորագրում, որի մեջ ներառված է Արցախի կարգավիճակի հարցում հստակություն մտցնելը, դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելը, կոմունիկացիաների բացումը։ Ընդ որում, նշված չէ՝ միջանցքայի՞ն, թե՞ այլ տրամաբանությամբ։
Երկրորդ տարբերակը ռուսականն է, որով առկախվում է Արցախի կարգավիճակի հարցը, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբն առաքելություն է իրականացնում։ «Քաղպայմանագրի» հետ հանդիպմանը Փաշինյանը բաց տեքստով հայտարարել է, թե կողմ է ռուսական տարբերակին, սակայն, այդուհանդերձ, ստիպված է լինելու ընդունել արևմտյան մոդելը, քանի որ Արևմուտքից բավական լուրջ ճնշում կա իր վրա։
Եվ հատկապես այսօր, երբ գործող վարչախումբն ամեն ինչ անում է արտաքին քաղաքական վեկտորը փոխելու համար, Փաշինյանի առջև պայման է դրված. միայն արևմտյան մոդելն ընդունելու պարագայում նրան քաղաքական, ընտանիքին անվտանգային երաշխիքներ կտրվեն, նաև լուրջ ֆինանսական աջակցություն կստանան թե՛ ինքը՝ Փաշինյանը, թե՛ իր թիմը։
Ուստի, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հրահանգել է հանրությանը պատրաստել արևմտյան մոդելին՝ ցավոտ զիջումներից ուշադրություն շեղելու մեթոդների մեջ խտրականություն չդնելով։
Արմեն Լևոնյան