Արցախում իշխանությունը սահուն փոխանցո՞ւմ են
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ պետնախարարի պաշտոնն առաջարկել է Ռուսաստանի գործարար Ռուբեն Վարդանյանին՝ ով շաբաթներ առաջ է հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվել Արցախ մշտական բնակության։ Այդ տեղափոխությունից հետո մամուլը բազմիցս գրում էր, որ Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոն է առաջարկվելու, թե՛ Արցախի իշխանությունները, թե՛ Ռուբեն Վարդանյանը չէին հերքում այդ հանգամանքը։
Ըստ էության, սակայն կարելի է արձանագրել, որ Արայիկ Հարությունյանի երեկ արված առաջարկը որոշակիորեն անակնկալ է եղել Վարդանյանի համար։ Ինքը՝ գործարարը, երեկ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել և նշել, թե պատրաստ կլինի ընդունել այդ առաջարկը, եթե իր մոտեցումներն ու որոշումները լայն աջակցություն ստանան։
Այդ կապակցությամբ առաջիկա օրերին նա շարունակելու է իր շփումները մարդկանց հետ, որից հետո կկարողանա պատասխանատու որոշում ընդունել։ Բանն այն է, որ նման առաջարկից հետո հարկ է, որ միանգամից ընդունվեր այն և այդ մասին պաշտոնապես հայտարարվեր, կամ էլ արվեր նշանակում և այդ մասին տեղեկացվեր հանրությանը։ Ըստ էության, Արայիկ Հարությունյանը որոշակիորեն թակարդի մեջ է գցել Ռուբեն Վարդանյանին՝ նրան խուսանավելու հնարավորություն չտալով։
Բազմաթիվ վերլուծաբաններ նշում են, թե այս նշանակմամբ Արցախի նախագահը փորձում է Արցախի իշխանությունը փոխանցել Ռուբեն Վարդանյանին, իսկ ինքը հնարավորինս հանգիստ հեռանա Արցախի կառավարումից, հատկապես, որ Ռուբեն Վարդանյանը ռուսական քաղաքական և տնտեսական շրջանակներում ավելի մեծ կապեր ունի և ավելի լուրջ հնարավորություններ Արցախին օգնելու։
Իհարկե, Արցախում ոչ բոլորն են շահագրգռված Ռուբեն Վարդանյանի նշանակմամբ, կան բավականին ազդեցիկ մարդկանց դժգոհություններ, որոնք չեն ցանկանում, որ դրսից ինչ-որ մեկը կգա և իրենց կղեկավարի, սակայն այդ շրջանակներին պարզ և հստակ ռուսական կողմից հասկացրել են, որ չափազանց վատ են տանելու, եթե փորձեն ազդել Ռուբեն Վարդանյանի նշանակման, կամ նրա որոշումների վրա։
Արմեն Կարապետյան