Արցախի և Հայաստանի արտաքին օրակարգերը տարբերվում են
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրցախի Ազգային ժողովի խմբակցությունները հայտնվել են արևմտամետների և Փաշինյանին սատարող անձանց ու քաղաքական ուժերի քննադատության տակ։
Երեկ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան 70 ամյակի կապակցությամբ, Ստեփանակերտում յուրօրինակ ակցիա է կայացել։
«Մենք ենք, մեր սարերը» հուշահամալիրի մոտ բարձրացրել են Վլադիմիր Պուտինի մեծադիր նկարը, իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեղմ ասած քծնախառն դիֆերամներ է ձոնել Ռուսաստանի նախագահին. «Ուզում եմ հույս հայտնել, որ Դուք այսուհետև էլ կլինեք մեր ժողովրդի կողքին և կշարունակեք Ձեր ծանրակշիռ ջանքերը հիմնախնդրի վերջնական և արդարացի կարգավորման ուղղությամբ»,- գրել է նա։
Իսկ Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները կոչ են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, Ռուսաստանին, Միացյալ նահանգներին, Ֆրանսիային և ՄԱԿ անդամ մյուս 190 պետություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը՝ դրանով ի չիք դարձնելով Արցախի բնակչության առջև ծառացած գոյաբանական լրջագույն սպառնալիքները։
Հայտարարության մեջ քննադատություն է հարուցել այն հատվածը, որ Արցախի խորհրդարանական ուժերը հիշատակել են Ռուսաստանի դաշնության կողմից Դոնեցկի, Լուգանսկի հանրապետությունների անկախության ճանաչումը, ինչպես նաև այդ երկրամասերի՝ Խերսոնի և Զապորոժիեի մարզերի վերամիավորումը Ռուսաստանին։
Արևմտամետ սեգմենտի համար լավ առիթ է նշելու, թե Արցախում չեն հասկանում քաղաքական իրողությունները և փորձում են Արցախի հարցը դնել Դոնեցկի, Լուգանսկի հետ նույն հարթության մեջ, իսկ ողջ քաղաքակիրթ աշխարհը չի ընդունում 4 տարածաշրջաններով անցկացված հանրաքվեները։
Իհարկե, չափազանց հեշտ է հեռավորությունից քննադատել Արցախի քաղաքական ուժերին, նրանց մեղադրել կարճատեսության, կամ այլ խնդիրների մեջ, սակայն բանն այն է, որ Արցախի քաղաքական ուժերը ստիպված են ամբողջությամբ լինել Ռուսաստանի տրամադրության տակ, քանի որ այսօր միայն ռուս խաղաղապահներն են ապահովում Արցախի ազգաբնակչության անվտանգությունը և կյանքի իրավունքը։
Մինչդեռ փաշինյանական ապիկար վարչախումբը ձեռքերը բացարձակապես լվացել է Արցախից և արցախցիներից։ Եվ քանի դեռ Արցախում ստիպված են ապավինել միայն մեկ քաղաքական ուժի, միայն մեկ գերտերության բարյացակամությանը՝ նման դրսևորումներն ավելի հաճախ են լինելու։
Սոնա Ղևոնդյան